Շարմազանովը ներկայացրեց գնաճի դեմ պայքարի եղանակները
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որևէ երկրում որևէ իշխանություն չի կարող ուրախանալ ապրանքների գների բարձրացման համար: Ազգային ժողովում գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Թող այստեղ տպավորություն չստեղծվի, թե մեր ուշքը գնում է, որ առանձին ապրանքների գներ բարձրացել են, ինչից մեր ժողովրդի սոցիալական վիճակն ավելի կարող է վատանալ: Մենք այստեղ հավաքվել ենք նաև մասնագիտական, պրոֆեսիոնալ քննարկումներ իրականացնելու և մեխանիզմներ առաջարկելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:
Անդրադառնալով ՀՀ-ում առանձին ապրանքատեսակների գների բարձրացմանը՝ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ գնաճն ունի մի քանի պատճառներ, որոնցից մեկը միջազգային շուկայի գներն են. «Հնարավո՞ր է մեկ հարվածով միջազգային շուկայի բացասական ազդեցությունը չեզոքացնել: Ոչ: Մենք ապրում ենք ազատ շուկայական տնտեսություն ունեցող երկրում: Մենք Խորհրդային Հայաստանում կամ պլանային տնտեսության պայմաններում չենք ապրում, որպեսզի Բաղրամյան 26-ում կամ մեկ այլ շենքում որոշում կայացնենք, որ կարտոֆիլի գինը 50 դրամից ավել չպետք է լինի: Մենք պարտավոր ենք ապահովել ազատ մրցակցային պայմաններ»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ պետությունը պարտավոր է մեղմացնել գնաճի հնարավոր բացասական ազդեցությունը: «Գյուղատնտեսության նախարարը հստակ նշեց, որ դիզվառելիքի թանկացումը կարող է բացասական ազդեցություն ունենալ գյուղատնտեսության ոլորտի վրա, և կառավարությունը ծրագրում է սուբսիդավորել գյուղացիական տնտեսություններին»,- ասաց նա:
Շարմազանովը շեշտեց, որ գնաճի դեմ կարելի է պայքարել ներքին արտադրությունը զարգացնելու, սուբսիդավորելու, առկա այլընտրանքներից օգտվելու եղանակով: «Շատերը խոսում են Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու բացասական հետևանքների մասին, բայց վերլուծությունները ցույց են տալիս, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը մեզ հնարավորություն է տալիս ավելի էժան ապրանքներ ներկրել»,- ընդգծեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ հարկավոր է այնպես անել, որ Հայաստանում հասարակության յուրաքանչյուր ներկայացուցիչ կարողանա իր ընտանիքն արժանապատիվ պահել: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ կառավարության ծրագրում հստակ նշված է, որ դրա համար հարկավոր է ապահովել ավելի մեծ տնտեսական աճ, քան գների աճն է:
Միևնույն ժամանակ, Շարմազանովը հիշեցրեց, որ առանձին ապրանքների գների բարձրացմանը զուգահեռ նվազել են հավի մսի, շաքարավազի, ալյուրի, հնդկաձավարի և այլ ապրանքատեսակների գները: