Մշակույթ

«Հարությունյան» փայտափողային-դաշնամուրային քառյակը կներկայացնի Ֆրանսիս Պուլենկի ստեղծագործությունները

2 րոպեի ընթերցում

«Հարությունյան» փայտափողային-դաշնամուրային քառյակը կներկայացնի Ֆրանսիս Պուլենկի ստեղծագործությունները

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հունվարի 18-ին հանդես է գալու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի անսամբլ «Հարությունյան» փայտափողային-դաշնամուրային քառյակը՝ Լիլիթ Զաքարյան (դաշնամուր), Գևորգ Ավետիսյան (ֆլեյտա), Դավիթ Գյուլամիրյան (կլարնետ) և Նիկոլայ Պողոսյան (ֆագոտ) կազմով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, համերգը կայանալու է «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» ծրագրի շրջանակում։ Երեկոյի ընթացքում քառյակի երաժիշտներին միանալու են նաև ՀՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Ներսիսյանը (դաշնամուր), Տիգրան Վարդանյանը (հոբոյ)։

Երաժշտասերներին ներկայացվելու է հետաքրքիր ծրագիր՝ կազմված ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկի կամերային ստեղծագործություններից։

Փայտափողային-դաշնամուրային քառյակն առաջին անգամ չէ, որ հանդես է գալու «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» նախաձեռնության շրջանակում։ Քառյակի երաժիշտները նկատում են, որ Խաչատրյանի թանգարանի միջավայրը, կազմակերպիչները տրամադրող են, և հաճելի է ներկայանալ նման հարթակում։

«Հարությունյան» փայտափողային-դաշնամուրային քառյակն իր կազմով եզակի է աշխարհում։ Քառյակը ստեղծվել է մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 95-ամյակի առթիվ, անդրանիկ համերգը տեղի է ունեցել 2015-ի հոկտեմբերի 28-ին։ Երկամյա ստեղծագործական գործունեության ընթացքում անսամբլը ելույթներով հանդես է եկել Հայաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Չինաստանում, Լիբանանում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում