Սերժ Սարգսյանն Ազգային ժողովը դիտարկում է որպես մեծամասնության և փոքրամասնության երկխոսության կարևոր հարթակ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը բավարարված է կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու ուղղությամբ Ազգային ժողովի իրականացրած աշխատանքներով: Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ հանդիպմանը ՀՀ Նախագահը նկատել է, որ անցած տարվա մայիսի 18-ից ի վեր խորհրդարանն ընդունել է 286 օրենք, որոնցից 15-ը լիովին նոր օրենքներ են: «Ձեր աշխատանքի անցած գրեթե ութ ամիսները ցույց տվեցին, որ Ազգային ժողովը հիրավի հանդիսանում է Հայաստանի հասարակական և քաղաքական գործընթացների կենտրոնական և հիմնական հարթակը: Այս հանգամանքը լիովին արտացոլվեց ոչ միայն Ազգային ժողովի լիագումար նիստերում, այլև մշտական հանձնաժողովների աշխատանքներում, ինչպես նաև տեղի ունեցած խորհրդարանական լսումների ընթացքում:Կարևոր դերակատարություն է վերապահված սահմանադրական փոփոխությունների արդյունքում ձևավորված նոր մարմնին` Ազգային ժողովի խորհրդին: Այն պետք է զարգանա և ամրապնդվի՝ էապես նպաստելով ձեր աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է ՀՀ Նախագահը:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Ազգային ժողովը պետք է հանդես գա որպես մեծամասնության և փոքրամասնության երկխոսության և համատեղ աշխատանքի կարևոր հարթակ: «Այս առումով, ինչպես և աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրներում, ամեն ինչ չէ, որ հարթ և սահուն է ընթանում: Լիագումար նիստերում երբեմն ոչ միայն ընդդիմությունը, այլև կառավարող ուժի ներկայացուցիչները տեղի են տալիս հույզերին և շիկացնում մթնոլորտը, բայց սրանք ժողովրդավարական զարգացման և աճի բնականոն խնդիրներ են, որոնք, համոզված եմ, ժամանակի հետ, հանդարտվելու են: Այստեղ պետք է նշեմ, որ ես գնահատում եմ Ազգային ժողովի նախագահի հետևողականությունը և համբերությունը որոշ պատգամավորների հետ շփումներում: Բոլոր պարագաներում մենք պետք է շարունակենք ամրապնդել հանդուրժողականությունը և փոխադարձ հարգանքը ծավալվող քաղաքական քննարկումներում: Կառավարող ուժի ներկայացուցիչները պետք է լինեն ավելի զուսպ՝ հաշվի առնելով իրենց կարգավիճակը»,- նշել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ Նախագահը հույս է հայտնել, որ խորհրդարանական դիվանագիտության աշխատանքները ևս չեն տուժի այս ընթացքում՝ լինեն դրանք բազմակողմ կառույցներ, թե երկկողմ համագործակցություն: «Այս հարցին դեռևս մանրակրկիտ անդրադառնալու, իհարկե, առիթներ մենք ունենալու ենք: Եթե կուզեք այսօր էլ կարող ենք այս հարցերին անդրադառնալ, եթե ոչ՝ ապագա քննարկումների ընթացքում: Տարեվերջին՝ դեկտեմբերին տեղի է ունենալու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումը, որի կազմակերպման և անցկացման գործում Ազգային ժողովը, ըստ ավանդույթի, իր յուրահատուկ ներդրումը պետք է կատարի»,- ընդգծել է Նախագահ Սարգսյանը:

Նա հավելել է, որ ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ խորհրդարանի աշխատանքի որակի աճ ենք արձանագրել: Հայաստանին պետք է այնպիսի խորհրդարան, որը ոչ միայն ճիշտ ժամանակին ընդունի բոլոր անհրաժեշտ օրենքները, այլև իրականացնի արդյունավետ խորհրդարանական վերահսկողություն: ՀՀ Նախագահը շեշտել է, որ այդ ուղղությամբ Ազգային ժողովը ճիշտ ճանապարհին է:

Հայերեն English Русский

Արմեն Թութունջյանի «Ջազը Հայաստանում» գիրքը լույս է տեսել անգլերեն լեզվով

ՀՀ ԱԽ քարտուղարը շնորհավորել է Մայքլ Ուոլցին՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական նշանակվելու կապակցությամբ

ՎԶՄԲ-ն 40 մլն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացման համար

Գազայի հատված է ժամանել մարդասիրական օգնությամբ լի գրեթե 900 բեռնատար

Համաշխարհային բանկի խումբը կաջակցի Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանն ու դիմակայունությանը

Թրամփը չի բացառել Ուկրաինային ամերիկյան զենքերի մատակարարումների դադարեցումը

Սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող ավտոմեքենայի գույքահարկը կհատուցի հանցագործը

ՀՀ ՆԳ նախարարն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել

Անհրաժեշտ է ուժեղացնել Հայաստանին տրամադրվող աջակցությունը Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով․ ԵԽ պատգամավոր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպման ՌԴ-ի ընտրությամբ «ցանկացած ժամանակ»