Քաղաքականություն

Հայաստանը եվրոպական մի շարք երկրներում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց կսկսի

3 րոպեի ընթերցում

Հայաստանը եվրոպական մի շարք երկրներում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց կսկսի

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 2018թ. եվրոպական մի շարք երկրներում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու գործընթաց կսկսի: «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «2018թ. մենք այդ գործընթացը սկսելու ենք եվրոպական առնվազն 2-3 երկրում: Չեմ կարող ասել, որ հենց 2018թ. դա միանգամից հաջող ավարտ կունենա, բայց գործընթացը պետք է սկսվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Շարմազանովը:

Նա հավելեց, որ գործընթացը պետք է սկսվի մի հարցի հետ կապված, որի մասին խոսել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի գագաթնաժողովում: «2018թ. ցեղասպանությունների դատապարտման ՄԱԿ-ի կոնվենցիայի 70-ամյակն է: Եվ այդ կոնվենցիայի ընդունման հիմքում Ռաֆայել Լեմկինը դրել էր genocide տերմինը, որի հիմքում ընկած էր Հայոց ցեղասպանությունը: Այդ կոնվենցիայի 70-ամյակը պետք է համախմբի բոլոր պետություններին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր կազմակերպություններին` հանուն ժողովրդավարության, հանուն մարդու իրավունքների պաշտպանության և ընդդեմ ցեղասպանության երևույթի: Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի թե Հայոց ցեղասպանությունը, թե 20-րդ դարում իրականացված մյուս ցեղասպանությունները ունենան հստակ պատիժ»,- եզրափակեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առումով դրական է համարում նաև անցնող տարին: Նա հիշեցրեց, որ այս տարվա ապրիլի 24-ին Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատը միաձայն ընդունեց բանաձև, որում դատապարտում էր Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը: Նրա գնահատմամբ` սա աննախադեպ հաջողություն է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Չեխիայի խորհրդարանի ղեկավարությունը, Չեխիան ավանդական ջերմ հարաբերությունների ունեին Թուրքիայի հետ: «Սակայն թե մեր դեսպանի, թե մեր արտգործնախարարի, թե պատգամավորների և մեր բարեկամության խմբի համեստ կարողությունների շնորհիվ մենք կարողացանք հասնել նրան, որ Չեխիան ճանաչեց ու դատապարտեց Հայոց ցեղասպանությունը»,- նշեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում