ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտը եղել և մնում է հայկական սպորտի հենակետային մարզաձևերից մեկը: Անցնող տարին իրապես բացառիկներից էր բռնցքամարտի համար: Տարիների դադարից հետո Հայաստանն ունեցավ Եվրոպայի չեմպիոն և աշխարհի բրոնզե մեդալակիր: Այս հաջողությանը հասավ 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից, համեստ և համառ, իր գործի նվիրյալ, գյումրեցիներին բնորոշ հումորի մեծ զգացում ունեցող, տիպիկ գյումրեցի Հովհաննես Բաչկովը: Նա այն բացառիկ մարզիկներից է, ով իր հաստատակամությամբ ապացուցում է, որ եթե իրապես ունես երազանքներ և նպատակներ, ոչինչ և ոչ մեկ չի կարող քեզ կանգնեցնել: Մեր հանդիպումը Բաչկովի հետ կայացավ «Արմենպրես»-ի խմբագրությունում և մինչ կսկսեինք մեր զրույցը, Հովհաննեսն ասաց, որ լավ բռնցքամարտիկը պետք է գոնե մեկ անգամ ռինգում նոկդաունի ենթարկվի, ինչպես որ քրիստոնյան եկեղեցի մտնելիս պարտավոր է խաչակնքվել:
-Հովհաննես, կպատմեք ձեր ազգանվան ծագումնաբանության մասին: Ինչո՞ւ Բաչկով:
-Պապս ռուս է եղել և ազգանունն էլ գալիս է նրանից: Մինչ օրս շարունակում ենք կրել այն:
-Ինչպե՞ս և ե՞րբ սկսեցիք զբաղվել բռնցքամարտով:
-Բռնցքամարտով սկսել եմ զբաղվել 7 տարեկանից: Պապիկս է ձեռքս բռնել ու տարել մարզումների, քանի որ ժիր և աշխույժ երեխա էի: Սակայն այս մարզաձևով զբաղվելու խորհուրդը տվել է քեռիս: Նա ևս բռնցքամարտիկ է եղել և, մինչ մարզումների հաճախելը, ինքն է ինձ սովորեցրել ճիշտ կեցվածք ընդունել, ճիշտ հարվածներ հասցնել: Քեռիս սիրողական բռնցքամարտիկ էր, սակայն մարզաձևի նվիրյալ: Իսկ հայրս սամբո մարզաձևից խորհրդային միության վաստակավոր մարզիկ է եղել: Հետաքրքիր է, որ քեռուս տղան՝ Գրիգոր Մխիթարյանը (Սամբոյի աշխարհի 2017 թվականի չեմպիոն- հեղ.), զբաղվում է հայրիկիս մարզաձևով, իսկ ես՝ իր հոր մարզաձևով:
-Արդյո՞ք ձեր մարզաձևում կան մարզիկներ, ովքեր ձեր ոգեշնչման աղբյուրն են եղել:
-Իհարկե, եղել են և կան: Թե ներկայիս, թե անցյալի բռնցքամարտկներից շատերը: Չէի ցանկանա անուններ տալ, բայց նրանց մենամարտերից է, որ փորձում ենք մեզ համար լավագույնը քաղել և ձգտել կատարելության:
-Եվրոպայի այս առաջնությունն, ինչ-որ տեղ պատմական էր հայկական բռնցքամարտի համար: Դուք դարձաք Եվրոպայի չեմպիոն: Ի՞նչ դեր և նշանակություն ունի ձեզ համար այս չեմպիոնությունը:
-Առաջին հերթին այն ինձ համար իսկապես մեծ ուրախություն էր: 16 տարի շարունակ հենց այդ չեմպիոնական մենամարտերին եմ նախապատրաստվել: Այս հաջողությունը կարող էր շուտ լինել, բայց չէր ստացվում և դրա համար պատճառներ շատ կան: Բայց հիմա, երբ կա Եվրոպայի ոսկե մեդալը, անհաջողությունները մոռացվում են: Զգում էի, որ կարող եմ Եվրոպայի չեմպիոն դառնալ: Նայում ես շուրջբոլորդ, մրցակիցներդ, որոնց դու հաղթել ես, բարձունքում են, իսկ դու ձեռնունայն ես մնացել…
-Իսկ աշխարհի առաջնությունում նվաճեցիք բրոնզե մեդալ: Վստահ եմ, կարող էիք ավելին:
-Գրավեցի երրորդ տեղը, ես չբավարարվեցի այդ մեդալով: Կարող էի ոսկե մեդալակիր դառնալ, սակայն Եվրոպայից հետո ժամանակ չկար լավ վերականգնվելու համար: Չեմ ուզում այդ մասին խոսել, ստացվեց այնպես, որ հաջողությունն այն պահին ժպտաց հենց կուբացի բռնցքամարտիկին: Այնպես չէ, որ անասելի ուժեղ էր ինձնից:
-Ի՞նչ փոխեցին այդ երկու մեդալները, ձեր կյանքում, առօրյայում կամ աշխարհընկալման մեջ:
-Ոչինչ չի փոխվել: Ես էլի նույն Հովհաննեսն եմ, նույն մարդը: Գուցե ավելի մոտիվացրեց, որ ձգտեմ պահել այն, ինչ ունեմ և բարելավեմ: Ավելի եմ հասունացել:
-Պրոֆեսիոնալ ռինգի մասին չեք մտածում արդյո՞ք:
-Մտածում եմ: Գուցե վերջում, երբ սիրողական բռնցքամարտում կհասնեմ իմ նպատակներին, այդ ժամանակ կտեղափոխվեմ պրոֆեսիոնալ ռինգ: Սակայն ես դեռ անելիք ունեմ սիրողական բռնցքամարտում՝ ուզում եմ աշխարհի չեմպիոն դառնալ, ինչպես նաև Օլիմպիական խաղերի մեդալակիր դառնալ: Սակայն, առաջ Աստված, ոչինչ չեմ պլանավորում:
-Ո՞րն է բռնցքամարտիկի առաջին դասը ռինգում:
-Առաջինը ռինգում չպետք է վախենալ մրցակցից: Հոգեբանորեն դժվար մարզաձև է: Մտնում ես ռինգ, իսկ դիմացինդ պատրաստ է քեզ ծեծելու: Նույնը կարող է քո հակառակորդը զգալ: Ով կարողացավ իր մեջ այդ վախը կոտրել, ուրեմն հաջողության կեսը կունենա:
-Ռինգում, այդ աղմուկի մեջ, ո՞ւմ եք լսում:
-Բոլորին: Բայց կենտրոնանում եմ իմ մարտավկայի ձայնի վրա: Արդեն սովորություն է դարձել լսել միայն մեկին, հակվում ես և նրա ձայնը հոգեհարազատ է դառնում քեզ համար:
-Հովհաննես, դուք ունեք երկու տղա, արդյո՞ք կցանկանաք, որ ձեր տղաները ևս բռնցքամարտով զբաղվեն:
-Դժվար հարց եք տալիս (ծիծաղում է- հեղ.): Եթե զգամ, որ կարող են բռնցքամարտում մեծ հաջողությունների հասնել, ինչու ոչ: Օրինակ՝ մեծ տղաս գուցե հենց բռնցքամարտով էլ զբաղվի: Խելքը գնում է բռնցքամարտի համար: Արթնանում է ասում է տարեք ինձ բռնցքամարտի դահլիճ. Տանն ամբողջ օրը իմ բռնցքամարտի ձեռնոցներով է: Նույնիսկ օրեր շարունակ ձեռնոցներով քնել է:
-Ինչո՞ւ են գյումրեցի մարզիկներն այսքան տաղանդավոր:
-Այն գյումրեցին, ով տնակների մեջ է մեծացել, նրան մանկուց սովորեցրել են, որ պետք է պայքարող լինես: Ինքդ պետք է հայթայթես օրվա ապրուստդ: Գուցե հենց դա է, որ փոքր տարիքից մեզ աշխատասեր է դարձնում: Գյումրեցու ապրելակերպից է:
-Ի՞նչը պետք է պարտադիր տեսնի զբոսաշրջիկը Գյումրիում:
-Եկեղեցիները: Բոլորն իրենց յուրահատուկ գեղեցկությունն ունեն, և բոլորի մեջ էլ յուրահատուկ հավատ է թևածում:
-Դուք էլ եք հավատավոր:
-Առանց հավատի կյանքն անիմաստ կլիներ: Ցանկացած գործ ձեռնարկելիս պետք հավատաս քեզ, Աստծուն, որ կօգնի հաջողության հասնել:
-Ընդհանուր առմամբ, ինչպիսի՞ տարի էր 2017 թվականը ձեզ համար:
-Երևի թե ամենալավ տարիներից մեկն էր իմ ամբողջ կյանքում, քանի որ դարձա Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության մեդալակիր, լույս աշխարհ եկավ երկրորդ տղաս: Սա այն տարիներից է, որ ամբողջ կյանքում եմ հիշելու:
-Տոներն են մոտենում, որտե՞ղ եք անցկացնելու Ամանորը:
-Ինչպես միշտ, հարազատ քաղաքում՝ Գյումրիում ծնողներիս և ընտանիքիս հետ:
-Հովհաննես, ի՞նչ պլաններ ունեք առաջիկայի համար:
-Ամանորից հետո կրկին հավաքներ կունենանք, մի շարք մրցաշարեր: Բացի այդ, հրավերներ ունեմ Անգլիայից և Խորվաթիայից՝ կիսապրոֆեսոինալ լիգաներում մրցելու համար: Դրանք ուժեղագույն սիրողական բռնցքամարտիկների մեջ կիսապրոֆեսիոնալ մենամարտեր են՝ 5 ռաունդ, 3 րոպե:
-Մի քանի բլից հարցեր: Սուրճ, թե՞ թեյ:
-Երկուսն էլ:
-Ֆուտբոլ, թե՞ թենիս:
-Ֆուտբոլի, հետո նոր թենիս:
-Թոմը, թե՞ Ջերին:
-Համ Թոմը, համ Ջերին:
-Պիցցա, թե՞ պաղպաղակ:
-Պաղպաղակ:
-Ալի, թե՞ Մեյվեզեր:
-Ալի:
-Շնորհակալություն հաճելի զրույցի համար, Հովհաննես:
Հարցազրույցը՝ Վարվառա Հայրապետյանի
Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի և Հովհաննես Բաչկովի անձնական արխիվից