Մատենադարանը համալրվել է արժեքավոր նոր ձեռագրերով, փաստաթղթերով

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017 թվականը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի համար իրադարձություններով հարուստ տարի էր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը:

«Մենք սովորաբար հետազոտական գործունեության արդյունքներն ամփոփում ենք մենագրությունների, ժողովածուների, հոդվածների, ինչպես նաև տարբեր գիտաժողովներում մեր աշխատակիցների զեկուցումների տեսքով: Այս առումով 2017 թվականը գերազանցում է նախորդ տարիների արդյունքները: Մեկ տվյալ ներկայացնեմ. հրատարակված գիտական հոդվածների թվով այս տարին երեք անգամ գերազանցում է 2015 թվականը: Եթե 2015 թվականին հրատարակվել է 50 հոդված, ապա այս տարի` 150-ից ավելի, 2016 թվականին` շուրջ 90: Այս հոդվածները տարբեր ուղղվածության են` բանասիրություն, պատմագիտություն, արվեստաբանություն, աստվածաբանություն, բնագրագիտություն, ձեռագրագիտություն և այլն»,- ասաց Վահան Տեր-Ղևոնդյանը:

Այս տարի Մատենադարանում կազմակերպվել է չորս միջազգային գիտաժողով: Դրանցից մեկը վերաբերում էր հայերեն Աստվածաշնչի տպագրության 350-ամյակին: Մյուս գիտաժողովի շրջանակում համախմբվել էին հիմնականում ԱՊՀ երկրների մասնագետները, որոնք զբաղվում են ձեռագրերի, փաստաթղթերի պահպանման, վերականգնման ու թվայնացման հարցերով: Հաջորդը` Նարեկացիական 3-րդ ընթերցումներն էին, որի հիմքը դրել է Մատենադարանի նախկին տնօրեն հանգուցյալ Հրաչյա Թամրազյանը 2015 թվականին: Այս տարի նաև անցկացվեց երիտասարդական 3-րդ գիտաժողովը, որի շրջանակում ներկայացվեցին բարձր մակարդակի զեկուցումներ: Մատենադարանի գիտաշխատողներն այս տարի մասնակցել են աշխարհի խոշոր համալսարանների կողմից կազմակերպված միջազգային կոնգրեսների, գիտաժողովների:

Այս տարի Մատենադարանի ցուցասրահները թարմացվեցին և ներկայացվեցին նոր ցուցադրություններ: Մասնավորապես, նվիրված` Ղրիմի հայ մանրանկարչությանը, ինչպես նաև լեհահայ գրչությանը: Ցուցադրվեցին նաև Գիրակ Միրման գերդաստանի վերջին ժառանգորդի կողմից Մատենադարանին նվիրաբերված ընտանեկան կարևոր փաստաթղթեր՝ տոհմածառեր, հրամանագրեր:

Կազմակերպվեց ցուցադրություն նվիրված Ամստերդամում Ոսկան Երևանցու հրատարակած հայերեն Աստվածաշնչի տպագրության 350-ամյակին: Ներկայացվեցին հնատիպ, արժեքավոր գրքեր: Այս տարի կազմակերպվեց նաև ցուցադրություն` նվիրված Լազարյանների տոհմին և Լազարյան ճեմարանին: Այն մեծ հետաքրքրություն առաջացրեց հատկապես Ռուսաստանից ժամանած այցելուների շրջանում:

Այս տարի լրացավ Վենետիկի Մխիթարյան միաբանության 300-ամյակը: Այդ առթիվ Մատենադարանում կազմակերպվեց ցուցահանդես, ներկայացվեցին հնատիպ գրքեր, արժեքավոր լուսանկարներ:

Վահան Տեր-Ղևոնդյանը նշեց, որ ընթացիկ տարին հարուստ էր համալրումների առումով:

«Նվիրաբերվեցին մի շարք արժեքավոր ձեռագրեր, մի քանի խոշոր արխիվային հավաքածուներ: Արդեն նշեցի Գիրակ Միրման տոհմի փաստաթղթերի մասին: Մատենադարանին նվիրաբերվել է 15-րդ դարում Երուսաղեմում գրված Ավետարան, որը հետագայում օժտվել էր արծաթյա գեղեցիկ կազմով: Այն մեզ նվիրել է ամերիկահայ մի ընտանիք , Ավետարանը ներկայում ցուցադրվում է: Իրանահայ Ավո Հովհաննիսյանը տարիների ընթացքում Մատենադարանին նվիրաբերել է ձեռագրեր, հնատիպ գրքեր, արխիվային փաստաթղթեր: Այս տարի ևս նրա շնորհիվ հարստացել է մեր ֆոնդը, նվիրաբերված փաստաթղթերը Նոր Ջուղայի, այնտեղ բնակված ընտանիքների մասին են: Այս տարի ստացել ենք նաև հայագետ-բյուզանդագետ Հրաչ Բարթիկյանի արխիվը: Ուղարկվել են արխիվներ Ֆրանսիայից, մոտ օրերս սպասում ենք նյութեր ԱՄՆ-ից՝ նշանավոր հայագետ Չարլզ Դաուսեթի ֆոնդը»,-ասաց նա:

Մատենադարանի ձեռագրերի հավաքածուն գերազանցում է 20 հազարը, որի զգալի մասը նվիրատվություններ են: Ձեռագրերից 17 հազարը հայերեն է, մնացածը` արաբերեն, պարսկերեն, օսմաներեն, հունարեն, լատիներեն, ասորերեն, եբրայերեն, եթովպերեն, վրացերեն և այլն:

Ընթացիկ աշխատանքներից Վահան Տեր-Ղևոնդյանը առանձնացրեց հայկական ձեռագրերի Մայր ցուցակի ստեղծման գործընթացը: Արդեն տպագրվել է 9-րդ հատորը:

«Սրանք սովորական ցանկեր չեն, ձեռագրերի մանրամասն նկարագրություն-ուսումնասիրություններ են: Արդեն երեք հազար ձեռագիր ուսումնասիրվել է, ներառվել ցանկում: Առաջիկայում այդ աշխատանքը շարունակվելու է: 2017 թվականն աչքի ընկավ նաև Մատենադարանի գիտական պարբերական «Բանբեր Մատենադարանիի» երկու համարի՝ 2016 և 2017 թթ. հատորների հրատարակմամբ: Որոշում ընդունվեց առաջիկայում այս պարբերականը հրատարակել տարեկան երկու անգամ, որպես կիսամյա հանդես»,-հավելեց Վահան Տեր-Ղևոնդյանը:

Հայերեն English Русский

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը