Հասարակական

Հայաստանում պետականության հիմքերը խարխլելու փորձերը դատապարտված են ձախողման. ՀՀ Նախագահ

3 րոպեի ընթերցում

Հայաստանում պետականության հիմքերը խարխլելու փորձերը դատապարտված են ձախողման. ՀՀ Նախագահ

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայության գործունեության մեջ հատկապես կարևոր է սահմանադրական կարգի ապահովման գործառույթը: Սահմանադրական կարգի ամրությունը երկրի անկախությունը, պետության և ժողովրդի պաշտպանվածությունը երաշխավորող հիմնական նախապայմանն է: Այս արժեքը թիրախավորող ցանկացած քայլ իրական սպառնալիք է ազգային անվտանգության համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստում ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Արկածախնդրություն փնտրողները պետք է քաջ գիտակցեն, որ Հայաստանում պետականության հիմքերը խարխլելու փորձերը դատապարտված են ձախողման: Հայաստանում բռնությամբ և զենքով ոչ մի հարց չի լուծվելու: Ուժի օրինական կիրառման մենաշնորհը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը: Ինչ-ինչ հարցեր, վեճեր, դժգոհություններ, տարաձայնություններ քննարկելու և լուծելու համար Սահմանադրությամբ և օրենքով ստեղծվել են բոլոր անհրաժեշտ ինստիտուտները և մեխանիզմները»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նա կասկածից վեր է համարել այն, որ ազգային անվտանգության ծառայությունը և մեր իրավապահ մյուս մարմիններն ունակ են կանխելու կամ չեզոքացնելու նման ցանկացած ոտնձգություն:

«Կարծում եմ՝ անցյալ տարի հուլիսին ձեր հետևողական գործողություններն ու հավասարակշռված մոտեցումները խոսքերիս լավագույն ապացույցն են:

Նրանք, ովքեր ապագայում փորձելու են իրենց անձնական կամ խմբային շահերին հասնել հակաիրավական գործելակերպով, խորհուրդ եմ տալիս զերծ մնալ արկածախնդրությունից: Մեր իրավապահները պատրաստ են օրենքով իրենց վերապահված իրավասության շրջանակներում և համարժեք միջոցներով հակազդել սահմանադրական կարգը վտանգող ցանկացած դրսևորման»,- նշել է Նախագահը:

Նա ընդգծել է, որ ոմանք փորձում են ծայրահեղացնել անվտանգության և ազատության հարաբերակցությունը՝ դրանք դարձնելով բացարձակ երկընտրանքի առարկա: «Նման հակադրումը կեղծ է և ինձ համար անընդունելի: Անվտանգությունը և ազատությունը ոչ թե հակադիր, այլ փոխկապակցված և փոխգործակցող երևույթներ են:

Համոզված եմ՝ անվտանգության երաշխավորումն ազատության հաշվին կամ ազատության երաշխավորումն անվտանգության հաշվին հավասարապես վնասաբեր է: Տարիներ շարունակ մեր բոլոր քայլերն ուղղված են եղել երկրում հանրային անդորրի և համերաշխության ամրապնդմանը: Այդպես ենք , իհարկե, մենք աշխատելու նաև ապագայում»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում