Մշակույթ

Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում տեղի ունեցավ Հրանտ Մաթևոսյանի հիշատակին նվիրված ցերեկույթ

2 րոպեի ընթերցում

Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում տեղի ունեցավ Հրանտ Մաթևոսյանի հիշատակին նվիրված ցերեկույթ

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրանտ Մաթևոսյանի մահվան 15-րդ տարելիցի կապակցությամբ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում հավաքվել էին ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի գրողների միության ներկայացուցիչներ, մտավորականներ, դպրոցականներ, Հրանտ Մաթևոսյանի տաղանդի երկրպագուներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ելույթ ունեցողները՝ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Ժենյա Քալանթարյանը, բանաստեղծ և արձակագիր Ռոլանդ Շառոյանը իրենց խոսքում ընդգծեցին, որ Հրանտ Մաթևոսյանի գրականությունը մեր գեղարվեստական խոսքի և մշակույթի անանց արժեքներից է: Նրանց բնութագրմամբ, Հրանտ Մաթևոսյանը մարդկային բացառիկ հատկանիշների տեր անհատականություն էր, բարձր մտավորական, իր ժողովրդի իղձերի իրականացման համար պայքարող առաջամարտիկներից մեկը: Նրա «Օգոստոս», «Ծառերը», «Մեր վազքը», «Տերը» և մյուս ժողովածուներում ամփոփված ստեղծագործությունները մեծ ներդրում են ոչ միայն հայ ժամանակակից գրականության, այլև եվրոպական և համաշխարհային գրականության մեջ:

Հրանտ Մաթևոսյանի այրին՝ Վերժինե Մովսիսյանը, երախտագիտություն հայտնելով Հրանտ Մաթևոսյանի հիշատակը վառ պահելու համար, միաժամանակ նշեց գրողի՝ Աբովյանի անվան պուրակում կառուցվող թանգարանի կառուցման աշխատանքների ընթացքն արագացնելու անհրաժեշտության մասին:

Ցերեկույթի ավարտին ելույթ ունեցան Երևանի Հ. Մաթևոսյանի անվան դպրոցի աշակերտները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում