ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Պետդումայիպատգամավոր Կոնստանտին Զատուլինը Հայաստանի Հանրապետությունում կառավարական համակարգի փոփոխությունից հետո երկրի վարչապետի պաշտոնում է տեսնում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Զատուլինն ասաց «Սպուտնիկ»-ում կազմակերպված տեսակամուրջի ժամանակ:
«Գուցե ես սխալվում եմ, սակայն ես տեսնում եմ Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետի դերում այն բանից հետո, ինչ նա կդադարեցնի նախագահական իր լիազորությունները: Չեմ կարող ասել, թե ով կլինի նրա հաջորդը նախագահի պաշտոնում, սակայն կարծում եմ, որ այդ հարցը կլուծվի: Հայաստանի նախորդ շրջանի պատմությունն ինձ ապացուցել է, որ հայ քաղաքական գործիչները կարող են լսել կարծիքներ և ընդունել որոշումներ, որոնք ի վերջո թույլ են տալիս երկրին շարունակել ճանապարհն առանց լուրջ ներքին կատակլիզմների»,- նշեց Զատուլինը:
Խոսելով կառավարական համակարգի փոփոխության մասին՝ ՌԴ պատգամավորը հիշեցրել է, որ բոլոր խորհրդարաններում չէ, որ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, շատ դեպքերում դրանք ընդունվում են խորհրդարանական մեծամասնության կողմից: «Այդ խորհրդարանական մեծամասնությունն այսօր ամուր կերպով պատկանում է Հայաստանի հանրապետական կուսակցությանը, և ես չեմ կանխատեսում որևէ կատակլիզմ նախագահական համակարգից խորհրդարանական համակարգի անցման շրջանում»,- հայտարարեց նա:
Զատուլինն ընդգծեց, որ Ռուսաստանը մեծապես տպավորված էր Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացմամբ, որի արդյունքում, ի տարբերություն նախորդ դեպքերի, չեղան դժգոհության մեծ բռնկումներ, մեղադրանքների հնչեցում: «Ընտրությունների արդյունքներն այդ պահին բավարարեցին բոլորին, և ինչ-որ մեկի հաղթանակը կամ պարտությունը ընդունվեց օբյեկտիվորեն: Դա մեզ վրա մեծ տպավորություն է գործել»,- ասաց նա: