Ժամանակակից տեխնոլոգիաները ևս մեկ կիրառություն ստացան Ալեքսանդր Սպենդիարյանի  50-ամյա տուն-թանգարանում

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանը 50-ամյա հոբելյանի առիթով իրականացնում է նոր ծրագրեր՝ ինտերակտիվ խաղերով մշտական ցուցադրության համալրում և հոբելյանական համերգներ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին խոսեց տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը:

«Հոբելյանական տարվա շրջանակում դեկտեմբերի 14-ին տեղի կունենա երկու նոր ծրագրի շնորհանդես: Տուն-թանգարանի մշտական ցուցադրությունը կհամալրվի «Իմ նվագախումբը» նոր ինտերակտիվ խաղով: Այս վիրտուալ խաղի միջոցով այցելուն կկարողանա ստեղծել իր նվագախումբը և տեղեկանալ նվագախմբի անդամների դասավորությանը, գործիքների տեսակին, քանակին և հնչողությանը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ»,-ասաց Օթարյանն ու հավելեց, որ ինտերակտիվ խաղը նոր այցելուներ կբերի թանգարան:

Մյուս՝ «50 հուշանվեր՝ 50-ամյա թանգարանից» ծրագիրն իրականացվել է տուն-թանգարանի արտաբյուջետային միջոցներով։ Հաստատության հոբելյանի առիթով ստեղծված յուրաքանչյուր հուշանվերը կրում է կոմպոզիտորի ստեղծագործությունների բովանդակային շեշտը կամ նրա ժամանակների արտացոլքը, բայց բոլորն էլ ունեն մերօրյա կիրառություն և գեղագիտական ամբողջություն։ Հուշանվերները ստեղծվել են տուն-թանգարանի աշխատակիցների մտահղացմամբ և իրագործվել տարբեր ընկերությունների ու վարպետների հետ համագործակցության արդյունքում։

Հայաստանի առաջին երաժշտական տուն-թանգարանը, տևողությամբ և նշանակությամբ պատկառանք ներշնչող գործունեությունը նշանավորելու նպատակով, ընթացիկ տարվա բոլոր միջոցառումները նվիրել է սեփական 50-ամյակին։ Իսկ կոմպոզիտորի ծննդյան օրը՝ նոյեմբերի 1-ին, հայտարարվել է հոբելյանական միջոցառումների մեկամսյակի մեկնարկը։ Ավանդույթի համաձայն` կոմպոզիտորի գործունեությունը գնահատողներն ու ստեղծագործական ժառանգության երկրպագուները, ինչպես նաև նրա անունը կրող երեք հաստատությունների՝ տուն-թանգարանի, օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և երաժշտական մասնագիտացված դպրոցի աշխատակիցներն ու սաները այցելել են Ալեքսանդր Սպենդիարյանի շիրիմ և հարգանքի տուրք մատուցել։

Պատանի սպենդիարյանականները՝ Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի առաջին դասարանցիների արդեն 21-րդ սերունդը, հանդիսավոր կերպով երդվել է հավատարիմ մնալ կոմպոզիտորի սահմանած բարձր չափանիշներին։ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախումբը մի հատված է կատարել «Ալմաստ» օպերայից։

«Նույն օրը ներկայացրեցինք երկու շատ կարևոր՝ «Բացահայտիր Սպենդիարյանին» և «Ես՝ բեմանկարիչ» կրթական ծրագրերը, որոնք հարստացնելու են մեր առաջակը ամենատարբեր տարիքի այցելուներին: Այդ ծրագրերն ունեն ուսուցողական և ժամանցային բաղադրիչներ, իսկ նպատակը կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգությունը ժամանակակից մեթոդներով հանրահռչակելն է»,-ասաց տուն-թանգարանի տնօրենը:

«Բացահայտիր Սպենդիարյանին» խաղը մշակված է հարցաթերթիկների սկզբունքով։ Յուրաքանչյուր հարց պարունակում է ճիշտ պատասխանի հուշում՝ զարգացնելով տրամաբանությունը և առանց հատուկ ուսուցողական գործընթացի, տալիս գիտելիք ոչ միայն կոմպոզիտորի ու նրա ստեղծագործությունների մասին, այլև երաժշտությունից, կերպարվեստից, պատմությունից, աշխարահագրությունից, գրականությունից։ Կրթական ծրագրում գործածվել են նորագույն տեխնոլոգիաներ՝ touch էկրաններ:

Հաջորդ՝ «Ես՝ բեմանկարիչ» ծրագիրը ներկայացնում է «Ալմաստ» օպերան՝ բեմի և հերոսների հագուստների էսքիզների միջոցով։ «Այցելուները ներկում են այդ էսքիզները և ստեղծում բեմական մանրակերտ: Եթե հաջողվում է նրանց ստեղծել այդ բեմական մանրակերտը, ունկնդրում են կոմպոզիտորի մեկ ստեղծագործություն: Ծրագիրը հնարավորություն է տալիս երեխաներին՝ հասկանալ, թե ինչ է օպերան, ինչպես է ձևավորվում օպերային ներկայացման բեմը»,-ասաց Օթարյանը:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ նոյեմբերի 28-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի 50-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում։ Այն մեկնարկել է ‹‹Հայաստանի առաջին երաժշտական թանգարանը›› գրքի շնորհանդեսով։ Հաստատության գործունեությունը ներկայացնող գիրքը հեղինակել է տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, խմբագրել` հայագետ Արծվի Բախչինյանը։ Ձևավորումը ստանձնել է «Դիմ քոմյունիքեյշընս» ընկերությունը, տպագրությունը՝ «Էդիթ Փրինթ» հրատարակչությունը։ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը հոգացել է բոլոր ծախսերը։ Հոբելյանական միջոցառման համերգային մասում հանդես են եկել Ալեքսանդր Սպենդիարյանի անունը կրող երկու հաստատությունների՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ու երաժշտական մասնագիտացված դպրոցի մենակատարները, երգչախումբը և ժողովրդական գործիքների նվագախումբը։ Կոմպոզիտորի ռոմանսները կատարել են Նարինե Անանիկյանը, Դիաննա Հարությունյանը, Լիաննա Վարդանյանը և Անդրանիկ Մալխասյանը՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահար Մարգարիտ Սարգսյանի նվագակցությամբ։ Արամ Խաչատրյանի անվան լարային քառյակի ելույթով եզրափակվել է հոբելյանական միջոցառումը։

Նույն օրը երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով են պարգևատրվել տուն-թանգարանի երեք աշխատակիցներ, իսկ Մարինե Օթարյանին շնորհվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում