Հայաստանում լույս ընծայված գիրքը վերահաստատում է՝ Ստամբուլի ճարտարապետական դիմագիծը կերտել են Պալյանները

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պալյան ճարտարապետական գերդաստանի նախագծմամբ Ստամբուլում կառուցվել են հարյուրավոր շինություններ՝ պալատական, ռազմական կառույցներ: Թուրքերը տարիներ շարունակ մերժել են Պալյանների հայ լինելու փաստը: Այսօր արդեն Թուրքիայում խոստովանում են այդ մասին: Աշոտ Գրիգորյանը «Հայոց ազգին պարտեզի գանձերը. Պալյաններ» գրքով ևս մեկ անգամ հաստատում է Պալյանների հայ լինելը: «Արմենպրես»-ի թղթակիցն այս առիթով զրուցել է Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի գլխավոր գիտքարտուղար Աշոտ Գրիգորյանի հետ:

-Պարոն Գրիգորյան, նախ ինչպե՞ս առաջացավ գրքի ստեղծման գաղափարը, և ի՞նչ նպատակ է հետապնդում այն:

-Հետազոտությունն ինքնանպատակ չէ: Այն ունի նախապատմություն: Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտի ծրագրերում ստեղծման օրից եղել է արտերկրի հայ ճարտարապետների ստեղծագործությունների վերաբերյալ արխիվի հավաքումը: Թուրքիայում ապրած և ապրող ճարտարապետների մասին նյութերը հավաքելիս պարզվեց, որ մեծ բաց կա Պալյան ճարտարապետական գերդաստանի վերաբերյալ: Ընդամենը հանրագիտարանային նշանակության նյութ ունեինք: Պալյանները բավականին հայտնի ճարտարապետներ են եղել Թուրքիայում, սակայն իրենց հայ լինելը մերժված էր երկար տարիներ: Եվ այդ մերժումը մեզ ավելի շատ ստիպեց գտնելու եզրեր, վերահաստատելու Պալյանների հայ լինելը: Գրքով հիմնավորվեց, թե ովքեր են Պալյանները, ինչպես են հայտնվել Ստամբուլում, արդյոք այն պատահական երևույթ էր, թե հայ ճարտարապետները մինչ Պալյանները ևս գործում էին Ստամբուլում: Եվ պարզվեց, որ Պալյաններից առաջ, իսկապես այնտեղ գործել է Սինան ճարտարապետը, որի հայ լինելու մասին ևս լռում են Թուրքիայում:

-Ինչպե՞ս գտաք Պալյանների մասին նյութերը:

-Ուսումնասիրության ընթացքում պարզ դարձավ, որ Պալյանների, նրանց հեղինակած շինություններ մասին նյութերը շատ քիչ են: Եվ մենք Պալյանների արխիվը գտանք Իտալիայում: Բավական մեծ դժվարությամբ այն տեղափոխեցինք Հայաստան: Թուրքիայում ևս ուսումնասիրեցինք շինությունները, լուսանկարեցինք դրանք: Որտեղ հնարավոր չէր լուսանկարահանում իրականացնել, բավարարվեցինք շենքերի արտաքին հատվածի լուսանկարներով միայն: Աշխատանքներում ներառվել են նաև Ստամբուլում գործող հայ լուսանկարիչներ՝ տրամադրելով լուսանկարներ:Ծրագրի իրականացման գործում մեծ դեր է ունեցել ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

-Կարելի է ենթադրել, որ պատմությունը բավականին ծավալուն է եղել, ինչի՞ն եք ավելի շատ ուշադրություն դարձրել գրքում:

-Պալյանները սուլթանի պալատական կառույցները ստեղծելու համար հայկական լեռնաշխարհից հավաքագրել են հայ վարպետների,համագործակցել նաև ֆրանսիացի կոլեգաների հետ: Եվ այս համագործակցությունն է Պալյաններին բերել Օսմանյան կայսրություն, որի արդյունքում եվրոպական ճարտարապետական ուղղություններով հագեցած կառույցներ են ստեղծվել՝ համալրված իսլամի և հայկական ճարտարապետության ազդեցություններով: Գրքում ներկայացվում են ոչ միայն Պալյանները, այլ ողջ հայ շինարարական ներուժը, որն օգտագործվել է: Մենք մի շարք նոր բացահայտումներ ենք կատարել: Ստամբուլում գտել ենք Պալյանների հիմնած արհեստանոցները՝ գորգագործական, մետաքսագործական գործարանները: Մենք ապացուցեցինք, որ Պալյանները ոչ միայն 300 տարի են գործել Ստամբուլում, այլ նրանցից առաջ այնտեղ ևս եղել են հայ ճարտարապետներ, նրանցից հետո և ներկայում ևս կան: Խոսվում է նաև Պալյանների պանթեոնի մասին: Առանձին բաժին ենք նվիրել նաև նյութերը տրամադրողներին: Նյութերը փնտրում էինք ոչ միայն մենք, այլ նաև թուրքերը: Պալյանների ստեղծած ճարտարապետական կոթողների շնորհիվ հիմա նրանք հսկայական տուրիստական հոսքեր ունեն:

-Թուրքիայում ընդունո՞ւմ են, որ Ստամբուլի դիմագիծը կերտելու գործում իրենց մեծ ավանդն են ունեցել հայ ճարտարապետները:

-Նախկինում նրանք ժխտում էին Պալյանների հայ լինելը: Թուրքերը նույնիսկ փորձել են ասել, որ եթե Պալյանները չկառուցեին այդ շինությունները, իրենք իրենց ազգային ճարտարապետության գաղտնիքներն ավելի շուտ գտնեին: Սակայն, վերջապես, նրանք ընդունեցին և խոստովանեցին Պալյանների հայ լինելու փաստը:

-Մոտ քանի՞ աշխատանք ունեն Պալյանները Ստամբուլում, և դրանցից քանի՞սն են պահպանված այսօր:

-Նրանք հարյուրավոր աշխատանքներ ունեն՝ թե օսմանական, թե հայկական կառույցներ: Դրանք պալատական, ռազմական կառույցներ են, բնակելի տներ, հրշեջ աշտարակներ, կամուրջներ, ջրամբարներ: Պալյանները նաև շատ թաղամասերի ճարտարապետներ են: Հայ համայնքի համար ևս կառուցել են եկեղեցիներ, հիվանդանոցներ: Նրանց կառույցների գրեթե 90 տոկոսը պահպանված է այսօր: Եղել են հրդեհներ, վերաշինումներ, սակայն մեծ մասն այսօր էլ գործում են:

-Ըստ Ձեզ՝ Պալյանների ստեղծած կառույցներից ամենահայտնին ո՞րն է:

-Աչքի ընկնող բոլոր կառույցները Ստամբուլում Պալյանների գործերն են: Սակայն դրանցից ամենամեծը երևի «Դոլմաբահչե»-ի համալիրը, «Չրաղան» պալատն են:

-Ի՞նչ լեզուներով է թարգանվել Ձեր գիրքը, և ի՞նչ կտա այն հանրությանը:

- Գիրքը թարգմանվել է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն սեղմ տարբերակներով: Ներկայում Թուրքիայի հայ համայնքի կողմից այն թարգմանվում է թուրքերեն, որպեսզի տարածվի թուրքական համալսարանական, գիտական շրջանակներում: Պալյանների մասին քիչ է խոսվել Հայաստանում: Թարգմանությունների շնորհիվ ողջ աշխարհը պետք է Ստամբուլ գնալիս տեղեկացված լինի, որ այդ շինությունները հայերի ստեղծածներն են: Գիրքը Հայաստանի մշակույթի ճանաչման, պահպանման խնդիր է լուծում:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

Հայերեն English Русский

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին

MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են

27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին

Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը