Լևոն Մկրտչյանը տարկետման իրավունքի հետ կապված խնդիրները կարգավորելու ենթաօրենսդրական լուծումներ առաջարկեց

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը համոզված է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով զինվորական ծառայության և գիտության միջև հակասություններ չկան: Ազգային ժողովում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության ներկայացուցիչների հետ կլոր սեղան-քննարկման ընթացքում Լևոն Մկրտչյանն ընդգծեց, որ զինվորական ծառայության և գիտության մեջ հակասություններ դնելն արհեստական օրակարգ է: «Ես 100 տոկոսով համոզված եմ, որ մենք հիմա գործ ունենք մտահոգ մարդկանց հետ, ովքեր իսկապես գտնում են, որ որոշ խնդիրներ պետք է կարգավորվեն: Հարգում եմ նրանց դիրքորոշումը: Մենք պետք է փորձենք հասկանալ, թե ինչ խնդիրներ կան և ինչպես պետք է մենք դրանց լուծում տանք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը:

Նա այս ընթացքում հանդիպումներ է ունեցել տարբեր բուհերի դասախոսների, ուսանողների հետ, ակտիվ քննարկումներ անցկացրել բոլոր շրջանակների հետ` հասկանալու՝ ինչ հիմնական խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն: «Դուք հիշում եք, որ վարչապետի մոտ կայացած հանդիպման ժամանակ խոսք գնաց ենթաօրենսդրական դաշտի միջոցով խնդիրներին լուծում տալու հնարավորության մասին: Նախ` պետք է փորձենք բոլոր խնդիրները միասին հասկանալ և ամրագրել, որպեսզի այդ ուղղություններով հետագա աշխատանքը ծավալենք` խնդիրներին լուծում տալու համար:

Նախարարը նշեց, որ այս օրերին շատ է խոսվում կրթության անընդհատությունը պահպանելու անհրաժեշտության մասին: «Նախ ցանկանում եմ ընդգծել, որ սկզբունքի հարց կա, և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն ընդունվել է այդ սկզբունքն ամրագրելու համար: Հիմնական սկզբունքն այն է, որ 18 տարին լրացած Հայաստանի ցանկացած արական սեռի քաղաքացի, ով նոր է կյանք մտնում և դեռ չգիտի գիտնական է դառնալու, գործարար, թե մեկ այլ ուղիով է գնալու, պետք է կատարի իր պարտականությունը հայրենիքի հանդեպ: Սա առաջին սկզբունքն է, որը քննարկման չի ենթարկվում, որովհետև ընդունելի սկզբունք է: 18 տարեկան երիտասարդի համար դժվար է ասել` կդառնա գիտնական, գործարար, թե մեկ այլ մասնագիտություն կունենա: Առաջին սկզբունքը պահպանելու պարագայում չի ընդհատվում շարունակական կրթությունը, որովհետև երիտասարդը դպրոցը ավարտելուց հետո ծառայում է բանակում, որից հետո հնարավորություն է ստանում անընդհատության սկզբունքով կրթություն ստանալ»,- ընդգծեց Մկրտչյանը:

Նա հավելեց` ինչպես հասկացել են որոշ մասնագիտությունների համար կա կրթության անընդհատությունն ապահովելու խնդիր, այսինքն` անցումներ պետք է կատարվեն բակալավրիատից մագիստրատուրա և մագիստրատուրայից ասպիրանտուրա: «Քանի որ կա «Պատիվ ունեմ» ծրագիրը, որը մեր երիտասարդների մեծ մասին հնարավորություն է տալու անցնել բակալավրիական կրթությունը և դրանից հետո որպես սպա ծառայել, ապա այդ նույն սկզբունքի մի տարատեսակ երևի կարող ենք ունենալ բակալավրիատից մագիստրատուրա անցումն ապահովելու համար: Մենք նաև պետք է փորձենք հասկանալ, թե մասնագիտական որ ուղղություններն են, որտեղ կրթության անընդհատությունն ապահովելու կարիք կա: Այստեղ պետք է լուրջ քննարկումներ անցկացնենք, հասկանանք, թե որ մասնագիտություններն են, որոնք անընդհատության խնդիր ունեն և փորձենք պաշտպանության նախարարության հետ խնդիրը լուծել: Ավելի հեշտ լուծելի է թվում մագիստրատուրայից ասպիրանտուրա անցման ապահովումը, քանի որ մենք հիմնականում գործ ենք ունենալու կողմնորոշված գիտնականների հետ»,- մանրամասնեց ՀՀ ԿԳ նախարարը:

Նրա խոսքով` առաջարկվող լուծումները կարելի է կարգավորել կառավարության ենթաօրենսդրական ակտերով, որոնք բխելու են օրենքից: «Մենք կարող ենք միասին քննարկել, հասկանալ, թե ինչ ենք անում այդ դաշտում: Սիրով քննարկումներին, աշխատանքային խմբի աշխատանքներին մասնակցելու համար կհրավիրենք բոլոր շահագրգիռ կողմերին: Ես կարծում եմ, որ այդ ենթաօրենսդրական ակտերի մշակման համար պետք է ձևավորվի լուրջ հանձնաժողով, որում կներառվեն կրթության և գիտության ու պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև գիտության և ուսանողների ներկայացուցիչները»,- ասաց նախարարը:

Լևոն Մկրտչյանը նաև շեշտեց, որ կառավարության որոշումներով հնարավոր կլինի տարկետում տրամադրել անհատների, ովքեր հաջողությունների հասած կլինեն: Նախարարի խոսքով` պետք է միասին որոշեն, թե գիտության դեպքում կառավարության որոշումներով տարկետում տրամադրելու ինչ չափանիշներ են սահմանվելու: Լևոն Մկրտչյանը կարծում է, որ, օրինակ, կարելի է որպես չափանիշներից մեկը սահմանել դպրոցական միջազգային օլիմպիադաներում ոսկե մեդալ ունենալը:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում