Պաշտոնական

Կարեն Կարապետյանն ընդունել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալին

2 րոպեի ընթերցում

Կարեն Կարապետյանն ընդունել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալին

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը վստահություն է հայտնել, որ Երևանում անցկացված միջխորհրդարանական հանձնաժողովի 10-րդ նիստի արդյունքները կնպաստեն երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Կարևորելով հատկապես տնտեսական ոլորտում փոխգործակցությունը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ երկկողմ առևտրաշրջանառության մակարդակը գտնվում է ցածր մակարդակի վրա և ավելացրել, որ երկու երկրների կառավարություններն այժմ քննարկում են կոնկրետ քայլեր ու նախագծեր, որոնք նոր թափ կհաղորդեն հայ-բելառուսական տնտեսական կապերին: Վարչապետը կարևորել է բելառուսական կապիտալի ներգրավումը Մեղրիի ազատ տնտեսական գոտի և հեռանկարային համարել բելառուսցի գործընկերների հետ համագործակցությամբ մեր երկրում գյուղտեխնիկայի, վերելակների արտադրության կազմակերպումը, գյուղմթերքների վերամշակման, տրանսպորտի և այլ ոլորտներում ծրագրերի իրականացումը: ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հայկական կողմը պատրաստ է բելառուսական բիզնեսի համար ստեղծել առավելագույնս բարենպաստ պայմաններ:

Բոլեսլավ Պիրշտուկն արդյունավետ է գնահատել միջխորհրդարանական հանձնաժողովի 10-րդ նիստի աշխատանքները և նշել, որ կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կգործեն տարբեր ոլորտներում և իրենց աշխատանքներով կփորձեն նպաստել հայ-բելառուսական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացմանը: Բելառուսի ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալը կարևորել է տնտեսական կապերի խթանումը և այդ առումով անհրաժեշտ համարել երկկողմ ուղիղ ավիաչվերթերի կազմակերպումն ու համատեղ ձեռնարկությունների ստեղծումը: Բոլեսլավ Պիրշտուկը համոզմունք է հայտնել, որ երկու երկրներն ունեն համագործակցության զարգացման մեծ հնարավորություններ ու ներուժ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում