Մարզային

«Աչքի խնամք տարեցների համար» ծրագրի շրջանակներում տեսողական խնդիրներ ունեցող ծերերը ստացան ակնոցներ

3 րոպեի ընթերցում

«Աչքի խնամք տարեցների համար» ծրագրի շրջանակներում տեսողական խնդիրներ ունեցող ծերերը ստացան ակնոցներ

ԳՅՈՒՄՐԻ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ օգնության ֆոնդն հանդես է եկել հերթական բարեգործական նախաձեռնությամբ. ակնաբուժական խնամքի ապահովման «թիրախ»-ում սոցիալապես անապահով ծերերն էին: ՀՕՖ-ի «Այո» հարթակի նախաձեռնած «Աչքի խնամք տարեցների համար» ծրագրի շրջանակներում տեսողական խնդիրներ ունեցող ծերերը ստացան ակնոցներ:

Մինչ այս, ծրագրի առաջին փուլով, իրականացվել է դրամահավաք և հանգանակվել անհրաժեշտ գումար: Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) «Այո» հարթակի և Հայկական ակնաբուժության նախագիծը (AECP) աջակցությամբ շահառուները նախ անցել են անվճար աչքի հետազոտություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայ օգնության ֆոնդի բարեգործական ճաշարանների ծրագրի համակարգող Ռաֆիկ Մարտիրոսյանը, այս ծրագրի շրջանակներում, ֆոնդի հանրապետության հինգ տարբեր վայրերում գործող՝ Երեւան, Գյումրի, Նոր Հաճն, Բյուրեղավան եւ Բերդ, ճաշարանների շահառուններից 257 անցել է աչքի բուժզննում, նրանցից 171 ստացել անվճար ակնոց:

Հոկտեմբերի 15-ին Հայ օգնության ֆոնդի Գյումրու բարեգործական ճաշարանում 46 տարեցներ ստացան ակնոցներ, իսկ 25 տարեց՝ այս օրերի ընթացքում, բժշկական միջամտության կամ վիրահատության կենթարկվի: «Հետազոտության արդյունքում, անհրաժեշտության դեպքում, իրականացվում է բժշկական միջամտություն կամ աչքի վիրահատություն, իսկ նրանց, ում անհրաժեշտ են ակնոցներ տրամադրվում են անվճար ակնոցներ»,- նշեց Ռաֆիկ Մարտիրոսյանը:

Շահառուներից շատերի համար ծրագիրը եզակի ու լավագույն հնարավորությունն էր ոչ միայն բուժզննման, այլ նաև վիրահատության: Ասյա Գալստյանը 77 տարեկան է, 40 տարվա բանվորուհին, ով նաև ժամանակին արժանացել է «Աշխատանքի հերոս»-ի կոչման, հուսով է, որ վիրահատությունից հետո կվերականգնվի տեսողությունն ու արդեն կկարողանա կարդալ: Ճաշարանի շահառուներից շատերը, ովքեր ստացան ակնոցներ հենց տեղում փորձում էին նոր ակնոցներով ընթերցել: Ճաշարանը Գյումրիում գործում է 2000 թվականից, այս պահին ճաշարանից օգտվում է 160 շահառու: Նրանց համար ճաշարանը ոչ միայն սնվելու, այլ նաև ժամանակը անցկացնելու ու իրենց հասակակիցների հետ շփվելու գերազանց վայր է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում