«Բիբլիական երկիր Հայաստան» խորագրով ցուցահանդեսից հետո հայկական տուֆից խաչքարը կհանգրվանի Ռուսաստանում

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում «Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» շրջանակներում բացվեց թեմի հիմնադրման 300-ամյակին նվիրված «Բիբլիական երկիր Հայաստան» խորագրով ցուցահանդեսը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ցուցահանդեսի գլխավոր հյուրերից էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ում դիմավորեցին Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը և ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Նախարար Արմեն Ամիրյանը և Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը կտրեցին խորհրդանշական կարմիր ժապավենը: Հյուրերը շրջայցով ծանոթացան ներկայացված ցուցանմուշներին, որոնց թվում էին Էջմիածնից բերված խաչքարերը: Խաչքարերի ժողովրդական վարպետ Ռուբեն Նալբանդյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ցուցահանդեսին ներկայացվածէ 50 խաչքար, այդ թվում` Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու պուրակի խաչտառերի կրկնօրինակները: «Խաչքարերից մեկն էլ արդեն իր հիմնական տեղն ունի թանգարանում: Այն կոչվում է Սուրբ Երրորդություն, պատրաստված է տուֆից, հին ավանդական խաչքարերի ոճով է, բարձրությունը`2,70 մետր»,-ասաց խաչքարագործը:

Ներկայացված են նաև Ախուրյանի տարածաշրջանին բնորոշ վարդագույն բազալտից խաչքարեր: Ռուբեն Նալբանդյանի խոսքով` խաչքարերի նախշերն իր հորինվածքն են` ոգեշնչված պատմական խաչքարերի և ազգային զարդանախշերի մոտիվներից: «Նախշերը տարբեր են, ամեն մեկն իր խորհուրդն ունի, հիմնականում վերցված են բուսական ու կենդանական աշխարհից, որոնք կյանքի խորհուրդն են արտահայտում»,-հավելեց նա: Խաչքարերը ՌԴ-ում կցուցադրվեն մինչև նոյեմբերի 22-ը, որից հետո կվերադարձվեն հայրենիք:

Սուրբ պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց մոմավառություն, այնուհետև հնչեց գովաբանական աղոթք:

Հայերեն English Русский