Պաշտոնական

Նախագահն ընդունել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի անդամներին

3 րոպեի ընթերցում

Նախագահն ընդունել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի անդամներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Սերժ Սարգսյանըհոկտեմբերի 27-ին ընդունել է Մեքսիկական Միացյալ Նահանգների Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը` խմբի ղեկավար Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,ողջունելով հյուրերին՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալել բարեկամ երկրների ներկայացուցիչներին, քանզի նմանօրինակ այցելությունները նոր որակ և բովանդակություն են հաղորդում երկկողմ հարաբերություններին և լավ հնարավորություն են քննարկելու միջպետական փոխգործակցության տարաբնույթ հարցեր: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ բարեկամ Մեքսիկայի պատգամավորների այցը նոր էջ է բացելու հայ-մեքսիկական միջխորհրդարանական հարաբերություններում և նախանշելու է երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության հետագա ուղիները:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Մեքսիկայի պատգամավորների պալատում Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի ձևավորումը և իր երախտագիտությունը հայտնել պատգամավոր Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսին՝ այդ խումբը ղեկավարելու համար: Հանրապետության Նախագահի համոզմամբ, դա շնորհակալ աշխատանք է երկու երկրների ժողովուրդների միջև կապերն ամրապնդելու գործում:

Հանրապետության Նախագահը նաև ողջունել է խորհրդարանականների երկօրյա այցը Արցախ և համարել այն շատ լավ հնարավորություն է ծանոթանալու Արցախի խնդրին և արցախցիներին, այդ տարածաշրջանում դարերով ապրող հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին, իրենց ազատության համար պայքարող այդ մարդկանց կենցաղին:

Նախագահ Սարգսյանը, հիշատակելով անցյալ սեպտեմբերին Մեքսիկայի ժողովրդին պատուհասած բնական աղետը՝ երկրաշարժը, վստահություն է հայտնել, որ կարճ ժամանակում Մեքսիկայի ժողովուրդը և իշխանությունները ամեն ինչ կանեն, որպեսզի այդ արհավիրքի հետևանքները վերանան:

Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ խումբը կանի ամեն հնարավորը, որպեսզի համագործակցությունը շարունակաբար ամրապնդվի և խորացվի, քանզի Հայաստան և Արցախ այցի օրերին պատվիրակությունը զգացել է հայ ժողովրդի ջերմ վերաբերմունքը և բարեկամության փոխադարձ մեծ ցանկությունը:

«Մենք շատ լավ դռներ ենք բացել մեր երկու ժողովուրդների բարեկամության համար: Մեզ համար մեծ պատիվ է լինել Հայաստանի նման արժանապատիվ երկրում: Երջանիկ էինք նաև տեսնելու Արցախը՝ փոքրիկ և վեհ մի երկիր, որն արդեն մեր սրտում իր կայուն տեղն ունի»,- ասել է Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում