ՀՀ-ում կոնսոլիդացվում են պաշտպանության ոլորտը կարգավորող օրենքները. ԱԺ-ում քննարկվում է «Պաշտպանության մասին» նոր օրենքի նախագիծը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովը քննարկում է «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցը: Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ արդեն առիթ ունեցել է օրենքի նախագիծը ներկայացնել հանրային քննարկումների, խորհրդարանական լսումների ընթացքում` հիշեցնելով, որ այն քննարկվել է նաև ազգային անվտանգության խորհրդի նիստում, այնուհետև` կառավարությունում: «Այս օրենքի նախագիծը երեք հիմնական նպատակ է հետապնդում: Առաջինը սահմանադրական փոփոխություններից հետո առաջացած նոր իրավահարաբերությունների, իշխանությունների ճյուղերի փոխհարաբերությունների արտացոլումն է օրենսդրական դաշտում այնպես, որ դրանց կիրառումը հնարավոր դառնա մինչև 2018 թ. ապրիլի սկիզբը: Երկրորդը ոլորտը կարգավորող օրենքների կոնսոլիդացումն է, որովհետև տարիների ընթացքում ոլորտը կարգավորող բազմաթիվ օրենքներ են ընդունվել` երբեմն միմյանց հակասող, կրկնող: Այս պարագայում դաշտը վերանայելու անհրաժեշտություն կար: Երրորդը նոր քաղաքականությունների ներդրման համար իրավական հիմքերի ստեղծումն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մանրամասնեց նախարարը:

Նա հավելեց, որ ՀՀ նախագահի 2016 թ. փետրվարի 10-ի հրամանագրով և կառավարության 2016 թ. մարտի 10-ի որոշումով սահմանվել էր որոշակի ժամանակացույց, ըստ որի Սահմանադրությունից բխող փոփոխությունները պետք է տեղայնացվեին օրենսդրական ակտերում և ներկայացվեին կառավարության և Ազգային ժողովի քննարկմանը: «Պաշտպանության նախարարության մասով կային 9 օրենսդրական ակտ, որոնք վերանայման կարիք ունեին: Որպես ժամկետ սահմանված էր ընթացիկ տարվա դեկտեմբեր ամիսը, սակայն, հաշվի առնելով այս ոլորտների կարևորությունը և ոլորտում անորոշության անթույլատրելիությունը, պաշտպանության նախարարության պաշտոնը ստանձնելուց հետո սահմանել եմ նոր ժամանակացույց, և պլանավորել էինք, որ արդեն այս տարվա աշնանը նախագծերը պետք է ուղարկվեն Ազգային ժողով: Կան նախագծեր, որոնք դեռևս Ազգային ժողովում չեն քննարկվել, սակայն գտնվում են խորհրդարանում, և այդ առումով մենք ժամանակացույցից առաջ ենք ընկել»,- մանրամասնեց նախարարը:

Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը իր մեջ ներառում է գործող 4 օրենքների կարգավորումներ, որոնք են «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» օրենքը, «Պաշտպանության մասին» օրենքը, «Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մասին» օրենքը և «Զինապարտության մասին» օրենքի առաջին գլխի դրույթները: «Այս առումով կարող ենք ասել, որ սա բավականին լուրջ կոնսոլիդացնող օրենքի նախագիծ է պաշտպանական ոլորտի քաղաքականությունը համադրելու տեսանկյունից:

Օրենքի նախագիծը ենթադրում է կառավարման համակարգի համապատասխանեցումը Սահմանադրության պահանջներին, պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի գործառույթների հստակեցում, հիմնական հասկացությունների հստակեցում և համապատասխանեցում միմյանց և գործող օրենսդրության այլ նորմերին, քաղաքացիների զինապարտության և զինվորական հաշվառման գործընթացը կարգավորող նորմեր, որոնք առաջին անգամ սահմանվում են «Պաշտպանության մասին» օրենքում, ինչը զգալիորեն բարձրացնում է գործընթացի պատշաճ կարգավորման և բոլոր դերակատարների պատասխանատվության մակարդակը: «Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպման իրավական հիմքերը, պաշտպանության ոլորտում պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, անկախ կազմակերպական իրավական ձեւից կազմակերպությունների, զինված ուժերի և այլ զորքերի գործունեությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու գործընթացում քաղաքացիների իրավունքները և պարտականությունները, ինչպես նաեւ զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի անցկացման հետ կապված հարաբերությունները»,- ընդգծեց Սարգսյանը:

Հայերեն

Խաղաղությունն առաջին հերթին գիտակցված և ռազմավարական ընտրություն է. Արարատ Միրզոյանի ելույթը՝ «Մանամայի երկխոսություն» ֆորումի պանելային քննարկմանը

Հնդկաստանի իշխանությունները ցիկլոնի պատճառով տարհանում են երկրի արևելյան ափի բնակիչներին

Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները

Հայաստանի առաջին պետական տիկնիկային թատրոնը ներկայանում է ստեղծագործական նոր շնչով

Գյումրու դրամատիկական թատրոնում նշվեց Սրբուհի Բաբայանի 75-ամյակը

Հայաստանի հրաձգության հավաքականը սկսում է պայքարն աշխարհի վարկանիշային առաջնությունում

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

Հրդեհ Մրգաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ

«Նոր գիրք»-40/26. Սիմոնյան, Ուելս, Չրնիչ

Հուսով եմ՝ մի օր հայի կուղարկեմ տիեզերք. ՏՏ ոլորտում Հայաստանի պետական մրցանակակիր Քեմ Ղաֆարիանի հարցազրույցը