Մարզային

Գեղարքունիքի տնտեսություններում վերսկսվել է կարտոֆիլի բերքահավաքը

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի տնտեսություններում վերսկսվել է կարտոֆիլի բերքահավաքը

ԳԱՎԱՌ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում վերջին օրերին գրանցված առանց տեղումների եղանակը հնարավորություն է տվել, որպեսզի տնտեսությունները կարողանան շարունակել կարտոֆիլի բերքահավաքը, որն ընդհատվել էր այս շաբաթվա սկզբին, առատ տեղումների եւ ցուրտ եղանակի պատճառով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին առանձին համայնքների ղեկավարներ եւ տնտեսությունների ներկայացուցիչներ, հոկտեմբերի 20-ի կեսօրվա ժամերից արդեն հողի մակերեսը չորացել էր՝ բավարար պայմաններ ստեղծելով բերքահավաքի վերսկսման համար: Հոկտեմբերի 21-ի առավոտվանից արդեն կարտոֆիլի բերքահավաքը համատարած վերսկսվել է ինչպես ֆերմերային խոշոր տնտեսությունների ցանքերում, այնպես էլ փոքր տնտեսությունների տնամերձ հողամասերում:

«Կարելի է ասել, որ հոկտեմբերի 21-ի դրությամբ հավաքվել է կարտոֆիլի բերքի մոտ 70-75 տոկոսը: Մնացած 25 տոկոսը կհավաքվի մինչեւ հոկտեմբերի վերջին՝ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: Միայն հույս ունենանք, որ եղանակային պայմանները բավարար կմնան:

Բերքահավաքի ավարտի համար բավարար են թե տեխնիկական միջոցները, թե աշխատուժը»,-ներկայացրեց Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը: Համայնքի ղեկավարի կարծիքով՝ այս տարի մի կողմից ցածր է ստացվել բերքատվությունը, մյուս կողմից՝ բարձրացել է կարտոֆիլի գինը:«Նախորդ տարում եթե 1 հեկտարից ստացվում էր մինչեւ 25-30 տոննա կարտոֆիլի բերք, ապա այս տարի այն հասնում է հազիվ 15-20 տոննայի:Փոխարենը նախորդ տարվա համեմատ կարտոֆիլի գինը բարձրացել է մոտ 60-80 տոկոսի չափով:

Նախորդ տարի եթե պարենային կարտոֆիլը տեղում հազիվ իրացնում էինք 80 դրամով, ապա այս տարի այն կարողանում ենք տեղում վաճառել 130, սիթիներին՝ 150 դրամով: Մի խոսքով, ոչ միայն կարտոֆիլի իրացման խնդիր այս տարի գյուղացին չունի, այլ նաեւ կկարողանա բերքն իրացնել իրեն համեմատաբար ձեռնտու գնով»,-ներկայացրեց Կոլիկ Շահսուվարյանը: Մարզի տնտեսություններում ընթանում է նաեւ կաղամբի բերքահավաքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում