FAST-ն իր գործընկերների հետ միասին կարող է ստանձնել ինտեգրատորի դեր. Կարեն Կարապետյան 

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 19-ին ներկա է գտնվել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology-FAST) և ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի (US National Science Foundation-NSF) համատեղ կազմակերպած միջազգային աշխատաժողովի բացմանը: Այն անցկացվում է «Մեքենայական ուսուցումը` գիտական հայտնագործությունների խթան» խորագրի ներքո:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության անունից ողջունելով ներկաներին՝ վարչապետ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին նախաձեռնության համար, ինչպես նաև հյուրերին՝ Հայաստան այցելելու, իրենց փորձը և գիտելիքները Հայաստանի մասնագետների հետ կիսելու պատրաստակամության համար: «Փաստ է, որ գիտությունն ու տնտեսությունն ամուր կապված են միմյանց և պետք է մեկը մյուսի շարժիչ ուժը հանդիսանան: 21-րդ դարում դրանց նպաստող պարտադիր պայման է պրոցեսների գլոբալիզացիան և կոմունիկացիոն տեխնոլոգիաների կիրառումը: Կարծում եմ՝ FAST-ն իր գործընկերների հետ միասին կարող է ստանձնել ինտեգրատորի դեր՝ ապահովելով գիտության և տեխնոլոգիաների աշխարհի լավագույն կենտրոնների կապը մեր մասնագետների հետ:

Այսօրվա աշխարհն անցնում է 4-րդ արդյունաբերական հեղափոխության փուլով: Բեկումնային տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, ամպային լուծումները, վերականգնվող էներգիայի ստացման նորագույն մեթոդներն առանցքային տեղ են զբաղեցնում աշխարհն առաջ մղելու գործընթացում: Համոզված եմ, որ կհաջողեն այն երկրները, ովքեր կկարողանան արագ ադապտացվել նոր իրավիճակին և կլինեն նորարարություններ ստեղծող և առաջարկող:

Իրականում այսօր աշխարհում մենք չափազանց լավ հնարավորություն ունենք՝ թափ հաղորդելու մեր զարգացմանը: Այս ճանապարհին մեզ համար շատ կարևոր է անհրաժեշտ էկոհամակարգի, ինովացիոն կամպուսների ստեղծումն ամբողջ երկրով մեկ՝ ժամանակակից, տեխնոլոգիական և գիտելիքահեն զարգացում ապահովելու համար: Պետությունը պատրաստ է աջակցել այս գործընթացին իր ողջ ներուժով:

Մեզ բոլորիս՝ կառավարությանը, սփյուռքի և Հայաստանի այն անհատներին, ովքեր միավորված են, մասնավորապես, FAST-ում, առաջ է մղում մեկ շարժիչ ուժ. մենք ուզում ենք ունենալ մրցունակ, առաջադեմ ազգ՝ Հայաստանի համար տեղ ապահովելով գլոբալ մակարդակում: Մեզ միավորում է հավատը, որ դա հնարավոր է, և դա շատ կոնկրետ աշխատանք է, որը պետք է միասին հետևողականորեն իրականացնել», - իր ելույթում նշել է վարչապետ Կարապետյանը՝ համաժողովի մասնակիցներին և կազմակերպիչներին մաղթելով լավ տրամադրություն և արդյունավետ աշխատանք:

FAST-ի և NSF-ի կողմից կազմակերպված աշխատաժողովին մասնակցում է տվյալագիտությամբ (Data Science) և հարակից գիտական ճյուղերով զբաղվող ավելի քան 200 հետազոտող: Աշխատաժողովի նպատակն է՝ խթանել երիտասարդ հետազոտողների և նշված ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող առաջատար մասնագետների միջև համագործակցությունը:

Հայերեն Русский

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ