Պաշտոնական

Վարչապետը ծանոթացել է «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման աշխատանքների ընթացքին

3 րոպեի ընթերցում

Վարչապետը ծանոթացել է «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման աշխատանքների ընթացքին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 18-ին այցելել է «Դվին» հյուրանոցային համալիրի շինհրապարակ: Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2016 թ. մայիսի 5-ին կայացած նիստում հավանություն էր տվել «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագրին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Կարապետյանը շրջել է շինհրապարակի տարածքում, ծանոթացել շինարարության և, մասնավորապես, երկաթբետոնե աշխատանքների ընթացքին: Կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել հյուրանոցային համալիրի կառուցվածքի և հետագա քայլերի վերաբերյալ: Նշվել է, որ վերակառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2018 թ. սեպտեմբերի 1-ը:

«Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագիրն իրականացնում են «Սի-Սի-Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերությունը և «Դավիթ Բեկ Էնթերթեյնմենթս» ՍՊԸ-ն: Ծրագրի համաձայն՝ «Դվինի» վերակառուցումն իրականացվելու է «լյուքս» դասի հինգաստղանի հյուրանոցների միջազգային չափանիշներին համապատասխան: Արդյունքում ստեղծվելու է հյուրանոցային համալիր, որը կլինի Երևանում նման դասի միակ կառույցը՝ 55000 քառ. մետր ընդհանուր մակերեսով: Ներդրումների ընդհանուր ծավալը կազմելու է շուրջ 42 մլրդ ՀՀ դրամ, նախատեսվում է առնվազն 400 աշխատատեղի ստեղծում: Ընդհանուր համալիրը կվերանվանվի և հանդես կգա նոր՝ «Դավիթ Բեկ» բրենդով: Հյուրանոցի հիմնական մրցակցային առավելությունը լինելու են կենտրոնական տեղակայվածությունը, մեծ հողային մակերեսը, ստանդարտ սենյակների ընդհանուր մակերեսի ավելի մեծ չափսը, ժամանակակից և բացառիկ հյուրանոցային ենթակառուցվածքը: Նոր շենքում նախատեսվում է ունենալ մոտավորապես 200 հյուրանոցային համար: Համալիրը ներառելու է նաև բազմաթիվ ենթակառուցվածքներ և կառույցներ, այդ թվում նաև՝ առանձին «Բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր» («Apartments Plaza»)՝ բազմահարկ մասնաշենք, որում կլինեն առնվազն 60 «լյուքս» դասի բնակարաններ: Կառուցվելու են նաև ստորգետնյա և վերգետնյա կայանատեղիներ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում