ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու լիազորությունը կվերապահվի կառավարությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սահմանադրական կարգի ապահովմանը սպառնացող վտանգի դեպքում արտակարգ դրություն հայտարարելու լիազորությունը երկրի նախագահի փոխարեն կվերապահվի կառավարությանը: Հայաստանի Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը դրական եզրակացությամբ խորհրդարանի նստաշրջանի օրակարգում ընդգրկեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը հստակեցրեց, որ սահմանադրական բարեփոխումներից հետո ՀՀ նախագահի որոշ լիազորություններ փոխանցվել են պետական այլ մարմինների: «Մասնավորապես, նոր Սահմանադրության 120-րդ հոդվածի համաձայն` սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում արտակարգ դրություն հայտարարելու լիազորությունը հանրապետության Նախագահի փոխարեն վերապահվում է կառավարությանը: Նշված դրույթը ուժի մեջ կմտնի հանրապետության նորընտիր Նախագահի կողմից պաշտոնն ստանձնելու օրը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մանրամասնեց Եղիազարյանը:

Նա հավելեց, որ ներկայացված նախագծի նպատակն է օրենքով ամրագրել կառավարության կողմից արտակարգ դրության հայտարարելու վերաբերյալ իրավակարգավորումները, ինչպես նաև հստակեցնել պետական այլ մարմինների դերը և լիազորությունները արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման գործում: «Մասնավորապես, նախագծով արտակարգ դրություն հայտարարելու, արտակարգ դրության դադարեցման, արտակարգ դրության տարածքում պետական կառավարման հատուկ մարմին ստեղծելու իրավասությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»,- ընդգծեց Վարդան Եղիազարյանը:

Հանձնաժողովի անդամները միաձայն կողմ քվեարկեցին նախագծին դրական եզրակացություն տալու հարցին:

Հայերեն

Խաղաղությունն առաջին հերթին գիտակցված և ռազմավարական ընտրություն է. Արարատ Միրզոյանի ելույթը՝ «Մանամայի երկխոսություն» ֆորումի պանելային քննարկմանը

Հնդկաստանի իշխանությունները ցիկլոնի պատճառով տարհանում են երկրի արևելյան ափի բնակիչներին

Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները

Հայաստանի առաջին պետական տիկնիկային թատրոնը ներկայանում է ստեղծագործական նոր շնչով

Գյումրու դրամատիկական թատրոնում նշվեց Սրբուհի Բաբայանի 75-ամյակը

Հայաստանի հրաձգության հավաքականը սկսում է պայքարն աշխարհի վարկանիշային առաջնությունում

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

Հրդեհ Մրգաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ

«Նոր գիրք»-40/26. Սիմոնյան, Ուելս, Չրնիչ

Հուսով եմ՝ մի օր հայի կուղարկեմ տիեզերք. ՏՏ ոլորտում Հայաստանի պետական մրցանակակիր Քեմ Ղաֆարիանի հարցազրույցը