Գյումրու քաղաքապետը շնորհավորել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին
2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մամուլի օրվա առիթով լրատվամիջոցների ներկայացուցիչներին հոկտեմբերի 16-ին ընդունեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Նա շնորհավորեց լրագրողներին՝ կարևորելով լրատվամիջոցների դերը քաղաքի զարգացման գործում, սակայն խնդրեց օբյեկտիվ լինել՝ նշելով, որ ինքը կողմ է առողջ քննադատությանը:
«Եթե կա խնդիր, ապա այն հարկավոր է բարձրացնել ու գտնել լուծում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց քաղաքապետը: Գյումրիում, ըստ քաղաքապետի, վերջին տարիներին շատ աշխատանքներ են կատարվել ու պետք է նաև այդ լավը գնահատել: Համայնքի ղեկավարը նաև փաստեց՝ հոկտեմբերի 18-ին հիմնանորոգումից հետո կվերաբացվի Ռուսթավելի փողոցը:
«Հոկտեմբերի 18-ին կբացենք փողոցը, որը երևի թե առաջին ծաղիկներից մեկն է, գեղեցիկ փողոց է, շատ գեղեցիկ։ Սրանով սկիզբ է դրվում քաղաքի զարգացմանը, զբոսաշրջության զարգացմանը։ Մենք, բնականաբար, շատ ուրախ ենք, որ այսպիսի գեղեցիկ փողոց ունեցանք»,- ասաց Սամվել Բալասանյանը։ Հոկտեմբերի 16-ը Հայ մամուլի օրն է: Օրացույցում այն տոնական է դարձել կառավարության 2004թ. ապրիլի 22-ի որոշմամբ, որի համար հիմք է ծառայել հայկական առաջին պարբերականի ծննդյան օրը: 1794 թվականի հոկտեմբերի 14-ին Հարություն Շմավոնյանի կողմից հիմնադրվել եւ 16-ին Մադրասում հրատարակվել է հայկական առաջին տպագիր պարբերականը` «Ազդարար» անվամբ: