Պահպանել սեփական լեզուն, հավատքը և մշակույթը. հեռավոր Մալայզիայի հայերը ջանք չեն խնայում այդ ուղղությամբ
4 րոպեի ընթերցում
![Պահպանել սեփական լեզուն, հավատքը և մշակույթը. հեռավոր Մալայզիայի հայերը ջանք չեն խնայում այդ ուղղությամբ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/10/908613.jpg)
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Մալայզիայի հայ համայնքի ղեկավար Էմիլ Պետրոսյանը, հայերի թողած հետքը շատ նշանակալի է:
«Մինչև հիմա կան կանգուն շենքեր, որոնք ժամանակին կառուցվել են հայերի կողմից: Դրանց թվում կա մեծ թանգարան-հյուրանոց (Eastern and Oriental hotel), որտեղ պահպանվել են նաև հիմնադիր հայերի անունները: Հյուրանոցի մասնաշենքները, սենյակները հիմնադիրների անուններով են կոչված: Այսօր Կուալա Լումպուրում կան հայկական փողոցներ. մեկը կոչվում է Արմենիա (Armenian Street), մյուսը՝ Արատուն (Aratoon Road): Ի դեպ, դրանք ամենահայտնի փողոցներից են և միշտ զբոսաշրջիկների հետաքրքրությունների կենտրոնում են»,-ասաց Էմիլ Պետրոսյանը:
Տարիների ընթացքում տեղի հայերը տեղափոխվել են այլ երկրներ: Սկզբում Սինգապուր, այնուհետև առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ Ավստրալիա, Նոր Զելանդիա: 1930-ական թվականներից հետո Մալայզիայում բնակվող հայերի մասին տեղեկություն չկա:
Տարիներ անց Մալայզիայում հայերը սկսել են հաստատվել 2000-ական թվականներից: Արդի հայկական համայնքի ձևավորումը սկսվում է այդ շրջանից: Ներկայում Մալայզիայում բնակվող փոքրաթիվ հայերը կենտրոնացած են հիմնականում Կուալա Լումպուրում։ Էմիլ Պետրոսյանի խոսքով, ներկայում մոտ 45 հայ է ապրում:
«Տեղի հայերը տարբեր երկրներից են: Հայաստանից տեղափոխված ընտանքիները մի քանիսն են: Քիչ չեն խառն ամուսնությունները: Նրանց գործունեության ոլորտները տարբեր են՝ բիզնես, հեռահաղորդակցություն, ծառայություններ, կրթություն, ֆինանսներ: Նրանցից շատերը առաջատար մասնագետներ են»,-ասաց Էմիլ Պետրոսյանը:
Մալայզիայում հայկական դպրոց չկա, հետևաբար հայոց լեզվի պահպանության գլխավոր պատասխանատվությունն ընտանիքիների ուսերին է: Մալայզիայում չկա նաև հայկական եկեղեցի, սակայն դա ամենևին չի խանգարում այնտեղ հայերենով աղոթք հնչեցնելուն:
Այս տարի հայ համայնքի համար պատմական իրադարձություն տեղի ունեցավ: Կուալա Լումպուրի Սուրբ Միքայել Հրեշատակապետ եկեղեցում (Ռուս Ուղղափառ) փետրվարի 4-ին առաջին անգամ մատուցվեց Սուրբ պատարագ՝ ձեռամբ Հոգեշնորհ Տեր Զավեն Վարդապետ Յազիչյանի:
«Սա իսկապես պատմական պահ էր: Տասնյակ տարիներ այստեղ հայերենով աղոթք չէր հնչել: Համայնքի կազմակերպչական ջանքերով արվեց դա: Պատարագին ներկա են եղել համայնքի բոլոր անդամները, հյուրեր, հայ ազգի բարեկամներ: Սուրբ Պատարագի ավարտին տեղի է ունեցել Սուրբ Մկրտություն: Երեք մանուկ կնքվել է»,-պատմում է Էմիլ Պետրոսյանը:
Անդրադառնալով մալայզիացիների շրջանում Հայաստանի մասին տեղեկացվածությանը՝ Էմիլ Պետրոսյանը նշեց, որ հայերի մասին գիտեն, բայց Հայաստան պետության մասին՝ ոչ: Շատերը ինֆորմացված չեն Հայաստանի, նրա աշխարհագրական դիրքի, զբոսաշրջային հնարավորությունների մասին: Այդ ուղղությամբ շատ աշխատանք կա կատարելու: Էմիլ Պետրոսյանը նկատեց, որ վերջին շրջանում Հայաստանի ճանաչմանը նպաստում է Հենրիխ Մխիթարյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանից Մալայզիա զբոսաշրջային հոսքին, ապա այն նույնպես պասիվ է: Էմիլ Պետրոսյանը դա կապում է ուղևորության թանկ լինելու հետ:
Աննա Գզիրյան