Հասարակական

«Ուսուցչի օրվա» կապակցությամբ հանրապետության մի շարք մանկավարժներ շնորհակալագրեր և ոսկե հուշամեդալներ ստացան 

3 րոպեի ընթերցում

«Ուսուցչի օրվա» կապակցությամբ հանրապետության մի շարք մանկավարժներ շնորհակալագրեր և ոսկե հուշամեդալներ ստացան 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ուսուցչի օրվա» կապակցությամբ հանրապետության մի շարք մանկավարժներ պարգևատրվեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը «Ուսուցչի օրվա» կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ ասաց, որ հասարակության կատարելության չափանիշը ուսուցչի վարկանիշն է։

«Այն հասարակությունը, որտեղ ուսուցիչը համարվում է վերին դասի անձ, որ տվյալ հասարակությունը հասել է իր կատարյալ աստիճանին»,- նշեց Մանուկ Մկրտչյանը։

Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերի մի շարք ուսուցիչներ, դաստիարակներ և դպրոցների տնօրեններ, ովքեր նաև մասնակցել են 2017 թվականին «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթին, մատաղ սերնդի կրթության, դաստիարակության ոլորտում ներդրած ավանդի համար պարգևատրվել են ՀՀ ԿԳՆ շնորհակալագրերով։

Պարգևատրվածներից մեկը՝ Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցի հայոց պատմության և եկեղեցու պատմության ուսուցիչ Սուսաննա Հարությունյանն ընդգծեց, որ շատ սիրով է անցկացնում իր դասերը և շատ է սիրում իր սաներին։

«Ես 1979 թվականից դասավանդում եմ՝ արդեն 38 տարի։ Ես իմ աշակերտներին եմ սիրում, նրանք էլ ինձ։ Երեխաները շատ հաճույքով սովորում են հայոց պատմությունը, ինչպես նաև եկեղեցու պատմությունը։ Ես էլ աշխատում եմ, որքան հնարավոր է նրանց մեջ սեր «ներարկել» դեպի մեր պատմությունը։

Երևանի «Ուսում» դպրոցի անգլերենի ուսուցիչ Մարիամ Ղարաղազարյանը, ով արդեն 12 տարվա մանկավարժական փորձ ունի, ՀՀ ԿԳ նախարարությունից ստացավ պատվոգիր։

Նա ասաց, որ իր մասնագիտությունը շատ է սիրում և դրա շնորհիվ աշակերտներն էլ փոխադարձ վերաբերմունք են ցուցաբերում իր և առարկայի նկատմամբ։

«Համոզված կարող եմ ասել, որ սիրում են անգլերեն լեզուն և հաճույքով ու ակտիվ մասնակցում են դասերին։ Ես փորձում եմ անել ամեն ինչ, որպեսզի նրանք համապատասխան գիտելիքներ ստանան և լավ մարդ դառնան»,- նշեց անգլերենի ուսուցչուհին։

ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով մատաղ սերնդի կրթության, դաստիարակության ոլորտում ներդրած ավանդի համար մի խումբ ուսուցիչներ, դպրոցների տնօրեններ և դաստիարակներ պարգևատրվեցին ՀՀ ԿԳՆ բարձրագույն պարգևներով՝ ոսկե հուշամեդալներով: Պարգևատրվածների թվում են Երևանի թիվ 51 միջնակարգ դպրոցի անգլերենի ուսուցիչ Հասմիկ Օհանյանը և Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսումնական մասի վարիչ, երաժշտության պատմության դասախոս Նոնա Ոսկանյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում