Սպորտ

Հակադոպինգային հարցերի վերաբերյալ ուսուցողական սեմինար՝ ըմբշամարտի մարզիչների և ըմբիշների համար 

2 րոպեի ընթերցում

Հակադոպինգային հարցերի վերաբերյալ ուսուցողական սեմինար՝ ըմբշամարտի մարզիչների և ըմբիշների համար 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգի «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը Երևանում ըմբշամարտի մարզիչների և ըմբիշների համար կազմակերպել է հակադոպինգային հարցերի վերաբերյալ ուսուցողական սեմինար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեմինարը, որին մասնակցում է ըմբշամարտի համաշխարհային միության (UWW) հակադոպինգային հարցերի պատասխանատու, UWW-ի փոխտնօրեն Կառլոս Ռոուն, անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2017 թվականի դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

Սեմինարի մասնակիցները, դասընթացից բացի, ծանոթանում են նաև UWW-ի հակադոպինգային կանոնների և դոպինգի վնասակարության մասին հայերեն ձեռնարկներին ու 2018 թվականի արգելված նյութերի և մեթոդների ցանկին:

Սեմինարին մասնակցել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը: «Մենք խստորեն դատապարտում ենք դոպինգի օգտագործումը և հետևողական պայքար ենք մղում այդ չարիքի դեմ: Նախարարության կողմից կազմակերպվող նմանատիպ ուսուցողական միջոցառումների նպատակն է բարձրացնել ազգային հակադոպինգային կրթական ծրագրերի արդյունավետությունը»,- ասել է Ղազարյանը:

UWW-ի փոխտնօրեն Կառլոս Ռոուն շնորհակալություն է հայտնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը այս սեմինարը կազմակերպելու համար և ներկայացրել է հակադոպինգային կանոնների խախտման դեպքում UWW-ի կողմից կիրառվող պատժամիջոցները, ինչպես նաև դոպինգի դեմ պայքարում UWW-ի և ազգային ֆեդերացիաների համագործակցության ուղղությունները:

Սեմինարի հաջորդ դասը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 12-ին, Գյումրիում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում