ԵԱՏՄ անդամակցությունից հետո զգալիորեն ավելացել է անդամ երկրներից Հայաստան ներդրումների ծավալը

9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՏՄ անդամակցությունից հետո զգալիորեն ավելանում է անդամ երկրներից, հատկապես Ռուսաստանից Հայաստան ներդրումների ծավալը: Ավելացել է նաև այդ երկրներ Հայաստանից արտահանումների ծավալը: Միևնույն ժամանակ ԵԱՏՄ անդամակցությունը չի խոչընդոտել հայկական ապրանքների արտահանմանը ԵՄ, ինչպես նաև այլ երկրներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին փաստեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ԵԱՏՄ և արտաքին առևտրի վարչության պետ Նաիրա Կարապետյանը:

-Տիկին Կարապետյան, Հայաստան-ԵԱՏՄ երկրներ առևտրաշրջանառությունը որքա՞ն է կազմում, անդամակցությունից ի վեր որքանո՞վ է ավելացել:

- Հայաստանի Հանրապետության ԵԱՏՄ անդամակցությունից հետո գրանցվել է զգալի աճ ԵԱՏՄ անդամ երկրների հետ փոխադարձ առևտրում: 2016-ին նախորդ տարվա համեմատ ՀՀ առևտրաշրջանառության ծավալները ԵԱՏՄ երկրների հետ աճել են 15.3%-ով: 2017-ի առաջին ութ ամիսներին ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառության ծավալները ևս աճել են 23.7%-ով, այդ թվում` ՌԴ` 23.5%-ով, Ղազախստան` 5.5%-ով, Ղրղզստան` ավելի քան 2 անգամ, իսկ Բելառուսի հետ գրանցվել է աճ 35.1%-ի չափով:

-ԵԱՏՄ ո՞ր երկրներ է ավելացել Հայաստանից արտահանման չափը, որքանո՞վ, ի՞նչ ապրանքներ ենք արտահանում ԵԱՏՄ երկրներ:

-ԵԱՏՄ անդամակցությունից հետո գրանցվել է զգալի աճ ԵԱՏՄ անդամ երկրներ հայկական ապրանքների արտահանման ուղղությամբ: 2016-ին նախորդ տարվա համեմատ ԵԱՏՄ երկրներ իրականացվող արտահանման ծավալները աճել են 53 %-ով: Ընդ որում` արտահանման աճը արձանագրվել է նաև 2014 թվականի համեմատությամբ մոտ 20%-ով, երբ Հայաստանը դեռևս չէր հանդիսանում ԵԱՏՄ անդամ երկիր: 2017-ի առաջին ութ ամիսների ընթացքում` ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալները աճել են 34.2%-ով, այդ թվում` ՌԴ` 18.3%-ով, Ղազախստան` 3.4 անգամ և Ղրղզստան` ավելի քան 2.5 անգամ, իսկ Բելառուսի Հանրապետություն գրանցվել է աճ 66.7%-ի չափով:

ՀՀ-ից ԵԱՏՄ երկրներ ներկայումս արտահանվում են հիմնականում գյուղատնտեսական արտադրանք, ալկոհոլային և ոչ ալկոհոլային ըմպելիքներ, տեքստիլ արտադրանք, ծխախոտ, շոկոլադ և այլ քաղցրավենիք, դեղամիջոցներ, շինարարության համար նախատեսված մշակված քարեր:

-Իսկ ԵԱՏՄ երկրներից ներմուծումների ծավալն ավելացե՞լ է, ո՞ր երկրից ենք ավելի շատ ներմուծում կատարում, ի՞նչ ապրանքատեսակներ:

-2016 թվականին նախորդ տարվա համեմատ ԵԱՏՄ երկրներից իրականացվող ներմուծման ծավալներն աճել են 5.3%-ով: ՌԴ-ից ներմուծման ծավալն ավելացել է 5.7%-ով, Ղազախստանից՝ 75%-ով: Նվազել է Բելառուսից 8.9%-ով, Ղրղզստանից՝ 60%-ով: Իսկ 2017-ի առաջին ութ ամիսներին ԵԱՏՄ երկրներից ներմուծման ծավալներն աճել են 19.5%-ով, այդ թվում` ՌԴ` 18.3%-ով, Ղազախստանից` 3.4 անգամ, իսկ Բելառուսի Հանրապետությունից գրանցվել է աճ 66.7%-ի չափով:

-ԵԱՏՄ անդամակցությունից հետո Հայաստանից ԵՄ արտահանումների և ներմուծումների քանակը կրճատվե՞լ է: Ավելացումը կամ կրճատումը ինչո՞վ կպայմանավորեք:

-ԵԱՏՄ անդամակցությունը չի խոչընդոտել նաև ՀՀ ապրանքների արտահանմանը ԵՄ, ինչպես նաև այլ երկրներ: 2016 թվականին նախորդ տարվա համեմատ ՀՀ առևտրաշրջանառության ծավալները ԵՄ երկրների հետ աճել են 2.1%-ով, այդ թվում՝ արտահանումը աճել է 15.9%-ով, իսկ ներմուծումը նվազել է 5.2 %-ով: 2017 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում` ԵՄ երկրներ գրանցվել է առևտրաշրջանառության ծավալների աճ 24.3%-ով, այդ թվում՝ արտահանումը աճել է 32.6%-ով, իսկ ներմուծումը աճել է 18.6 %-ով: Հաշվի առնելով ներկայացված վիճակագրական տվյալները՝ կարելի է փաստել, որ Հայաստանի Հանրապետությունն արձանագրել է զգալի առաջընթաց ոչ միայն ԵԱՏՄ անդամ պետություններ, այլև ԵՄ երկրներ արտահանման ծավալների աճի մասով:

- ԵԱՏՄ անդամակցությունից հետո Հայաստանում ո՞ր ոլորտներում են ավելացել անդամ երկրների ներդրումները, արդյո՞ք ավելացումը պայմանավորված է միայն անդամակցությամբ:

-Անդամ երկրների ներդրումներն անդամակցությունից ի վեր ավելացել են տարբեր ոլորտներում: 2014-ին ներդրումները եղել են 839.8 մլրդ դրամի, 2015-ին՝ 965.3, 2016-ին՝ 977.1: 2016-ի առաջին կիսամյակին կազմել է 362.7 մլրդ դրամ, 2017-ին ավելացել է՝ դառնալով 496.4: Ռուսաստանից ներդրումների ծավալն ավելանում է ՝ սկսած 2015 թվականից: 2016-ի առաջին կիսամյակին ներդրումների ծավալը կազմել է 140.9, իսկ 2017-ի նույն ժամանակում՝ 181.4 մլրդ դրամ: Ներդրումներ իրականացվում են հանքարդյունաբերության, մշակող արդյունաբերության, էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու մատակարարման, մեծածախ առևտրի, ցամաքային տրանսպորտի, հեռահաղորդակցության ոլորտներում:

- ԵԱՏՄ պայմանագրի կետերից որևէ մեկի խախտում եղե՞լ է անդամակցության այս տարիներին անդամ երկրներից որևէ մեկի կողմից: Անդամ բոլոր երկրներում պահպանվում է արդյոք այն կետը, որ բոլոր երկրներում գնաճի տարբերությունը չպետք է գերազանցի 5 տոկոսը:

-2015 թվականի հունվարի 2-ից ԵԱՏՄ-ին անդամակցությամբ մի շարք ապրանքների մասով ամրագրվեցին մաքսատուրքի բարձրացված դրույքաչափեր: Այնուամենայնիվ, Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրներից մի շարք ապրանքներ սկսեց ներմուծել առավել ցածր գներով, քան նախկինում՝ երրորդ երկրներից: Հանրապետությունում սպառողական գները 2015-2016թթ. պահպանվեցին նույնիսկ ՀՀ ԿԲ կողմից թիրախավորված մակարդակից ցածր: Մասնավորապես, սպառողական գների ինդեքսը 2015 թվականին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճողական կազմեց 103.7, իսկ 2016 թվականին՝ 98.6: Ընդ որում, գների մակարդակի աճ չարձանագրվեց նաև արտաքին առևտրի ինդեքսների մասով:

-Որո՞նք են ԵԱՏՄ-ին անդամակցելու դրական կողմերը:

- ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված արձանագրվել է մաքսային ընթացակարգերի զգալի պարզեցում և արդյունքում ապրանքների տեղափոխման ժամանակի կրճատում: Ապրանքների տեղափոխման ժամանակ մաքսային ձևակերպումների վրա ծախսվող ժամանակը կրճատվել է 50 ժամից մինչև 3 ժամ, ներդրումային գրավչության բարձրացել է՝ կապված շուկայի տարողության աճի հետ։ Հայաստանը դիտարկվում է ոչ թե 3 միլիոնանոց շուկա այլ 180 միլիոնանոց շուկայի մաս: Կարող ենք հարթակ հանդիսանալ կոոպերացիայի գործոնը օգտագործելու պարագայում, այսինքն՝ օգտագործելով ԵԱՏՄ անդամ երկրների հումքը արտադրությունը կազմակերպել Հայաստանում, ստանալ Հայաստանում ծագած ապրանք և արտահանել մի շարք երկրներ, որոնք տրամադրում են Հայաստանին արտոնությունների համակարգ: Միաժամանակ նշենք, որ մի շարք ապրանքների մասով զարգացած երկրների կողմից GSP և GSP+ համակարգերի կիրառումը Հայաստանի Հանրապետության հանդեպ հնարավորություն է տալիս խթանելու առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման ոլորտները և ապահովում հայկական արտադրանքի համար արտոնյալ շուկաների հասանելիությունը: Հայաստանի Հանրապետությունը որպես ԵԱՏՄ անդամ հնարավորություն ունի մասնակցել այնպիսի գլոբալ նախագծերին, ինչպիսիք են` Մետաքսի ճանապարհի, մի շարք երկրների հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասով իրականացվող բանակցային գործընթացին, որոնց Հայաստանի Հանրապետության մասնակցությունը նման մակարդակով և պայմաններով, որպես առանձին երկրի քիչ հավանական կլիներ: Հայկական ապրանքների մուտքը այլ երկրների շուկաներ ազատականացնելու և արտաքին առևտրի քաղաքականության գործիքների կիրառման հստակ կանոններ սահմանելու նպատակով` ԵԱՏՄ ձևաչափով իրականացվում են աշխատանքներ օտարերկրյա պետությունների հետ արտոնյալ, այդ թվում` ազատ առևտրի համաձայնագրերի կնքման ուղղությամբ:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

Հայերեն English Русский

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին