Հասարակական

Անապահովության գնահատման մոտեցումներն ու մեթոդաբանությունն արմատապես վերանայվել են. Արտեմ Ասատրյան

2 րոպեի ընթերցում

Անապահովության գնահատման մոտեցումներն ու մեթոդաբանությունն արմատապես վերանայվել են. Արտեմ Ասատրյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալապես անապահով ընտանիքների համար ինքնուրույնաբար կայուն եկամտի ձևավորման իրական հնարավորությունների ստեղծման և դեպի պետական նպաստն առկա ձգտումների առավելագույնս ապախթանման նպատակով արմատապես վերանայվել է ընտանիքների անապահովության գնահատման կարգը:

Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «Նոր կարգում հնարավորինս ներառվել են տնտեսապես ակտիվ անձանց աշխատանքի շուկայում ունեցած վարքագծի գնահատականները՝ դրանով խթանելով աշխատանքային գործունեություն ծավալելու իրենց ցանկությունը, ինչպես նաև ավելացել է երեխա ունեցող ընտանիքների անապահովության գնահատման հարցում երեխաների առկայության հանգամանքի կշիռը` դիտարկելով նման ընտանիքները աղքատության տեսանկյունից ավելի ռիսկային»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը: Նրա խոսքով, ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման, մասնավորապես սոցիալական աշխատանքի ինստիտուտի կայացման ուղղությամբ մշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն են ներկայացվել «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Միաժամանակ, մշակվել է «Գնահատված սոցիալական կարիքների հիման վրա սոցիալական ծառայությունների տրամադրման գործառնական հենքի ձևավորում» պրոյեկտը, որով նախատեսված միջոցառումների իրականացումն ընթացքի մեջ է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում