Մշակույթ

Չարենցի և Իսահակյանի գործերի հիման վրա գրված մանսուրյանական ստեղծագործությունները կհնչեն Արթիկում և Վանաձորում

3 րոպեի ընթերցում

Չարենցի և Իսահակյանի գործերի հիման վրա գրված մանսուրյանական ստեղծագործությունները կհնչեն Արթիկում և Վանաձորում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագրով համերգներին մասնակցելու են մանսուրյանական ստեղծագործությունների լավագույն կատարողները: Հնչելու են Ա. Իսահակյանի և Ե. Չարենցի բանաստեղծությունների հիման վրա Մանսուրյանի ստեղծած երգերը` Հայաստանի պետական կամերային երգչախմբի մատուցմամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան)։

Համերգները տեղի կունենան հոկտեմբերի 1-ին Վանաձորի Է. Կզարթմյանի անվան դահլիճում և հոկտեմբերի 2-ին՝ Արթիկի մշակույթի կենտրոնում: Այդ մասին սեպտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին համերգային ծրագրի կազմակերպիչներն ու աջակիցները:

«Համերգների նախապատրաստական աշխատանքներն ավարտված են, և տոմսերն արդեն սպառված են: Համերգային երկու ծրագրերն էլ ուղիղ հերարձակում կունենան: Ընդգծեմ, որ օգտագործվել է լուսային, ձայնային բարձր տեխնիկա, որպեսզի մանսուրյանական երաժշտությունը մարդիկ ընկալեն այն ծավալով ու հզորությամբ, որը մենք կարողանում ենք ապահովել Երևանի լավագույն համերգասրահներում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց համերգների պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը։

… Մաեստրոյի մանկության տարիներն անցել են Արթիկում: Առաջին անգամ նա դաշնամուրին մոտեցել է այդ դահլիճում, և տեղի մշակույթի տունն այդ համերգին պաշտոնապես կանվանակոչվի Տիգրան Մանսուրյանի անունով:

Վանաձոր քաղաքի ընտրությունը ևս պատահական չէ: Մաեստրոն իր հոգու մեծ պարտքն է համարում համերգ ունենալ լոռեցիների համար և իր ընկերոջ` Հրանտ Մաթևոսյանի հիշատակին:

Մաեստրո Մանսուրյանի խոսքով` ինքը սիրում է Արթիկը ու տարիներ շարունակ շեշտել է դա: Հավատարիմ է եղել քաղաքին, իր ընկերներին մանկության ուսուցիչներին: «Ուրախ եմ և շատ զգացված, որ մշակույթի տունն իմ անունով են կոչելու»,-ասաց Մանսուրյանը:

Խոսելով բանաստեղծների գործերը երաժշտությանը ծառայեցնելու մասին` նա շեշտեց, որ հայոց լեզուն իր հոգու հայրենիքն է: «Ես մշտապես աշխատել եմ պահպանել այն բարձր պոեզիան, որը Կոմիտասը բերեց, և որը շարունակեց Ռոմանոս Մելիքյանը: Պետք է երաժշտության մեջ վերադառնալ հայ պոեզիային ու լուրջ բնագավառ դարձնել այն: Լավ է, որ բազմաթիվ երիտասարդներ գնահատում են դա»,-ընդգծեց Մանսուրյանը:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հույս հայտնեց, որ նման համերգները բացառություն չեն լինի և օրինաչափություն կդառնան: «Շնորհակալ եմ մաեստրո Մանսուրյանին, որ արձագանքեց մեր վարած քաղաքականությանը, որի համաձայն` մշակույթը պետք է գնա մարզեր և այնտեղ հզոր ազդակներ փոխանցի մարզերի բնակիչներին: Այդ ազդակները, հույզերը մեր ազգային ինքնության գիտակցությունն են արթնացնում և բացահայտում են այն ստեղծարար միտքը, որը թաքնված է շատ երիտասարդների մեջ: Հուսանք, որ այս համերգները շարունակական կլինեն»,-եզրափակեց նախարարը:

Համերգներն իրականացվում են ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Համերգաշարը հետագայում կհասնի Էջմիածին և Արցախ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում