Մշակույթ

Մտավորականները ծաղիկներ խոնարհեցին Կոմիտաս վարդապետի շիրիմին

2 րոպեի ընթերցում

Մտավորականները ծաղիկներ խոնարհեցին Կոմիտաս վարդապետի շիրիմին

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի թողած հարուստ ժառանգությունը հայ ինքնության, ինքնագիտակցության մաքրման, շտկման կարևորագույն առանցքներից է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կոմիտաս վարդապետի ծննդյան 148-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանն ասաց երաժշտագետ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի Գիտական խորհրդի նախագահ Մհեր Նավոյանը:Սեպտեմբերի 26-ին Կոմիտասի անվան պանթեոնում մի շարք մտավորականներ, վարդապետի թանգարան-ինստիտուտի աշխատակազմը, տարբեր բուհերի ուսանողներ ու դպրոցների աշակերտներ ծաղիկներ դրեցին Կոմիտասի շիրիմին:

«Բազմիցս նշվել է, որ Կոմիտասի կերպարը վաղուց դադարել է սոսկ երաժշտի, կոմպոզիտորի մարմնացում լինելուց: Նրա գործունեության բազմաբովանդակությունը Կոմիտասին ի սկզբանե ազգային մտավորականի, ազգի հոգսը հոգացող մարդու էին դարձրել դեռ իր կենդանության օրոք»,-նշեց Նավոյանը:

Նրա խոսքով՝ երբ տարիների հեռվից նայում ենք վարդապետի թողած ժառանգությանը, հստակ ընդգծվում է, որ նա հայ ինքնության, ինքնագիտակցության ամենակարևոր առանցքները շտկած մարդկանցից է: «Նա հայ ազգին աշխարհին լավագույնս ներկայացրած մարդն է»,-եզրափակեց երաժշտագետը:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանն ասաց, որ թանգարանի ողջ գործունեությունն ուղղված է Հայաստանում, Սփյուռքում և ամբողջ աշխարհում Կոմիտասի ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը: «Այդ նպատակով թանգարանն իրականացնում է համերգային, կրթական և այլ ծրագրեր, կազմակերպում փառատոններ, գիտաժողովներ և մի շարք այլ միջոցառումներ»,-ընդգծեց նա:

Կոմիտասի ծննդյան կապակցությամբ նաև դասախոսություններ և համերգային ծրագրեր կանցկացվեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում