Սփյուռք

Բրյուսելում նշվել է Հայաստանի անկախության 26-ամյակը

2 րոպեի ընթերցում

Բրյուսելում նշվել է Հայաստանի անկախության 26-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի Թագավորական Ակադեմիայի պալատում սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելություն, որը կազմակերպվել էր ԵՄ-ում ՀՀ առաքելության ու Բելգիայում ՀՀ դեսպանության և ՆԱՏՕ-ում ՀՀ ներկայացուցչության կողմից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Միջոցառմանը ներկա էին Եվրոպական Խորհրդարանի, Եվրոպական Հանձնաժողովի անդամներ, Բելգիայի խորհրդարանի և կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, Արտաքին գործերի եվրոպական ծառայության, Բելգիայի արտաքին գործերի նախարարության և ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մշակույթի և արվեստի գործիչներ, գործարարներ, հայ եկեղեցական և համայնքային կառույցների ղեկավարներ ու ներկայացուցիչներ։

Միջոցառմանն ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար, Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ով նշեց, որ անկախության 26 տարիների ընթացքում Հայաստանն անցել է պետականաշինության մեծ ճանապարհ՝ կայանալով որպես անկախ և ժողովրդավարական պետություն, ապահովելով կայուն ու խաղաղ միջավայր կենսագործունեության և առաջընթացի համար:

Դեսպանն անդրադարձավ նաև Հայաստանում ընթացող սահմանադրական փոփոխություններին, տնտեսական, գիտակրթական և մշակութային զարգացման ծրագրերին, խոսեց ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերընթաց զարգացման ու հայ-բելգիական աճող փոխգործակցության մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում