Մշակույթ

«Գութան» փառատոնը մեծ տոն կնվիրի ազգագրական երգ ու պարի սիրահարներին

2 րոպեի ընթերցում

«Գութան» փառատոնը մեծ տոն կնվիրի ազգագրական երգ ու պարի սիրահարներին

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գութան» ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնն այս տարի հիանալի տոն կպարգևի ազգային երգ ու պարի երկրպագուներին: Այն կանցկացվի սեպտեմբերի 28-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փառատոնին հնարավորություն կունենանք վայելել ժամանակի ազգագրական լավագույն խմբերի ելույթները: Նրանք կներկայացնեն գործեր էթնիկ տարբերակով՝ առանց որևէ ժամանակակից մշակումների, ամբողջությամբ կենդանի հնչողությամբ:

Փառատոնին այս տարի մասնակցելու են 19 ազգագրական երգի-պարի խմբեր՝ «Ակունք», «Կարին», «Վան», «Վերադարձ», «Մենք ենք մեր սարերը» (Արցախ), «Մշո հավքեր» (Գավառ), «Մարաթուկցիներ» և այլ համույթներ: Փառատոնի ընթացքում ցուցադրվելու են նաև մեր անցյալի հայ երգի ու պարի երախտավորների կյանքին ու գործին վերաբերող ֆիլմեր՝ արժևորելով նրանց ծավալած գործունեությունն ու մեզ փոխանցած ավանդը: Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի «Գութան»-ը կանցկացվի նաև Արցախում:

«Գութան» ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնն իրականացվում է 2014 թվականից, որն ազգային մշակույթը ճիշտ ներկայացնելու կարևոր նախաձեռնություն է` կոչված հայ ազգագրական երաժշտարվեստի՝ երգարվեստի և պարարվեստի պահպանմանը, տարածմանն ու սերնդեսերունդ փոխանցմանը:

Փառատոնն անցկացվում է ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի մտահաղացմամբ և նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում