Երկրի ապագան կապում ենք կրթության և գիտության հետ. ՀՀ Նախագահն ընդունեց բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած, միջազգային օլիմպիադաներում հաջողություններ արձանագրած և կրթական տարբեր մրցույթների մասնակից աշակերտները ՀՀ Նախագահի նստավայրում ստացան իրենց պարգևները, հավաստագրերն ու նվերներն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պարգևներն ու հավաստագրերը աշակերտներին հանձնեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Միջոցառման ընթացքում հավաստագրեր ստացան «Կենգուրու. Մաթեմատիկան բոլորի համար» միջազգային մրցույթում և «Մեղու. Հայերենը բոլորի համար» մրցույթում հաջողությունների հասած աշակերտները: ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով գերազանցության մեդալով պարգևատրվեցին ուսման ընթացքում բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտները, նվերների արժանացան դպրոցական միջազգային օլիմպիադաներում մեդալներ նվաճած երեխաները:

Պարգևների, հավաստագրերի և նվերների հանձնման արարողությունից հետո ելույթ ունեցավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Կենգուրու», «Մեղու» և կրթական այլ մրցույթներում ձեր հաջողությունները ուժ ու եռանդ են հաղորդում մեր ժողովրդին, իսկ անձամբ ինձ ոգևորում են և հավատ ներշնչում մեր երկրի ապագայի հանդեպ: Այսպիսի հանդիպումներն արդեն ավանդական բնույթ են կրում: Դրանով մենք ցանկանում ենք ընդգծել, որ մեր երկրի ապագան կապում ենք կրթության և գիտության հետ: Գիտության և ուսման նկատմամբ ծարավը երբեք չի կարելի կանխարգելել: Ընդհակառակը` մենք ցանկանում ենք, որ այն շատ արագ տարածվի»,- ասաց ՀՀ Նախագահը:

Նա հավելեց, որ հայ ժողովուրդը գիտության հանդեպ միշտ մեծ սեր է տածել, ինչի վառ վկայությունն է այն հանգամանքը, որ հայերը, ուր էլ որ հասել են, առաջինը դպրոց են հիմնել: «Հենց դրա շնորհիվ է, որ մեր ժողովուրդը կարողացել է հազարամյակների դժվարությունները հաղթահարել և հասնել 21-րդ դար: Հիմա էլ դուք նպաստում եք մեր ժողովրդի հարատևմանը: Ես ցանկանում եմ, որ ձեր ողջ կյանքի ընթացքում ձեզ ուղեկցի աշխատասիրությունը: Բարեկեցության և մրցունակության հիմքը գիտելիքն է, իսկ գիտելիք ստանալու հարցում Հայաստանի Հանրապետությունը միշտ ձեր կողքին է»,- ընդգծեց Նախագահ Սարգսյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Գորիսի 17-ամյա բնակիչ Նարեկ Շահունցն ընդգծեց, որ ցանկացած աշակերտի և ուսանողի համար մեծ պատիվ է ներկա լինել ՀՀ Նախագահի նստավայրում և անձամբ երկրի Նախագահից և կրթության նախարարից ստանալ իրենց հասանելիք պարգևներն ու նվերները: «Մասնակցել եմ կենսաբանության մարզային օլիմպիադաների, ունեցել եմ հաջողություններ: Ընդունվել եմ Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան և ցանկանում եմ գիտելիքներս ծառայեցնել

Հայաստանում բժշկության զարգացմանը: Ընդհանրապես ես կարծում եմ, որ մեր երկրում ամենակարևոր աշխատանքն անում են բժիշկներն ու մանկավարժները և նրանց նկատմամբ ուշադրությունը մեծ պետք է լինի: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրի բոլոր մանկավարժներին և բժիշկներին իրենց կատարած աշխատանքի համար»,- ասաց նա:

Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի շրջանավարտ Համլետ Խաչատրյանը մասնակցել է քիմիայի միջազգային օլիմպիադայի և բրոնզե մեդալ նվաճել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Համլետ Խաչատրյանն ընդգծեց, որ ցանկանում է խորացնել գիտելիքները և դրանք ծառայեցնել հայրենիքի զարգացմանը: Համլետ Խաչատրյանը ևս դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան:

2017թ. «Կենգուրու» մաթեմատիկայի միջազգային մրցույթին մասնակցել է 40 հազար 467 աշակերտ Հայաստանի և 1024 աշակերտ Արցախի դպրոցներից: «Մեղու. Հայերենը բոլորի համար» մրցույթին 2016թ. մասնակցել է 36 հազար 803 դպրոցական Հայաստանի և 942 աշակերտ Արցախի դպրոցներից: Մրցույթում լավագույն արդյունք է ցուցաբերել 522 աշակերտ:

2016-2017թթ ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաներին մասնակցել է շուրջ 47 հազար 500 աշակերտ: Դպրոցականների օլիմպիադաները կազմակերպվում են 16 առարկաներից, որոնցից մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աստղագիտություն, ինֆորմատիկա և աշխարհագրություն առարկաներից հայ աշակերտները մասնակցում են միջազգային օլիմպիադաների: Միջազգային օլիմպիադաների թիմերը կազմվում են հանրապետական փուլի հաղթողներից: 16 առարկաներից հանրապետական փուլին մասնակցել է շուրջ 1700 աշակերտ, որոնցից առաջին կարգի դիպլոմի է արժանացել 63 աշակերտ, երկրորդ կարգի դիպլոմի` 120 և երրորդ կարգի դիպլոմի` 156 աշակերտ:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում