Հասարակական

Հայաստանում հղիության արհեստական ընդհատումների մասնաբաժինը նվազում է

2 րոպեի ընթերցում

Հայաստանում հղիության արհեստական ընդհատումների մասնաբաժինը նվազում է

ԵՐԵՎԱՆ,29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի ժողովրդագրության և առողջապահության հարցերի հետազոտություն.2015-16թվականներ» զեկույցի համաձայն`2015-16 թվականներին հղիության 69 տոկոսն ավարտվել է կենդանի ծննդով, 29 տոկոսը` հղիության արհեստական ընդհատմամբ, իսկ 9 տոկոսը վիժումով կամ մեռելածնությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսի 23-ին զեկույցի շնորհանդեսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը նշեց, որ նախորդ տարիների համեմատ այն էականորեն նվազել է:

«Համեմատության համար նշեմ, որ Հայաստանի ժողովրդագրության և առողջապահության հարցերի 2000 թվականի հետազոտության համաձայն` հղիության արհեստական ընդհատումների մասնաբաժինը կազմել է 55 տոկոս, 2005 թվականին` 45 տոկոս, իսկ 2010 թվականին` 29 տոկոս»,- ասաց Սարիբեկյանը:

Զեկույցի համաձայն` հղիության ելքերը փոխվում են ըստ մարզերի` Սյունիքում հղիության 4 տոկոսն է ավարտվել դրա արհեստական ընդհատմամբ, իսկ Գեղարքունիքի մարզում` 57 տոկոսը:

ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի խոսքով` հետազոտության նախորդող 3 տարիների ընթացքում կատարված հղիության արհեստական ընդհատումների երկու երրորդը պայմանավորված է եղել այն փաստով , որ կինն այլևս չի ցանկացել երեխաներ ունենալ, իսկ 8 տոկոսը պայմանավորված է պտղի արատներ ունենալու վտանգով, 8 տոկոսի դեպքում որպես պատճառ նշվել է սեռի ընտրությունը, իսկ 7 տոկոսի դեպքում` մոր առողջության հետ կապված մտահոգությունները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում