Սփյուռք

Շահան Գանտահարյանը Հայաստան-Սփյուռք համաժողովին ընդառաջ Համահայկական խորհրդի ստեղծումն անհրաժեշտություն է համարում  

3 րոպեի ընթերցում

Շահան Գանտահարյանը Հայաստան-Սփյուռք համաժողովին ընդառաջ Համահայկական խորհրդի ստեղծումն անհրաժեշտություն է համարում  

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի նախաշեմին Հայաստան-Սփյուռք համաժողովի քննարկումների առանցքը հանդիսանալու է պետականությունն իբրև համազգային գոյության կարևորագույն երաշխիք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Հայերն այսօր»-իհետ զրույցում այս մասին ասել է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիրՇահան Գանտահարյանը: Նա նշել է, որ Հայաստան-Սփյուռք համաժողովներն ունեն հետևողականություն և´ թեմաների, և´ կառուցակարգային խնդիրների, և´ մասնակիցների, և´ հետապնդած նպատակների առումով: «Հետզհետե ձևավորվում է պետական տանիքի տակ համախմբվող կազմակերպ հայության ներկայացուցչական դրույթը, որը հանգելու է նոր կառուցակարգի: Կարծում եմ՝ այս Համաժողովը ևս կազմելու է հետևողական ռազմավարական շղթայի մեկ կարևոր օղակը: Համաժողովին մասնակիցների թիվը, զեկույցների մասնագիտական որակը, տարբեր գերատեսչությունների ներգրավումը ցույց են տալիս, որ անցումային շրջափուլի շեմին ենք՝ իբրև համահայկական հարթություն և Հայկական աշխարհ»,-ասել է նա:

Շահան Գանտահարյանն անդրադարձել է նաեւ Համահայկական խորհրդի ստեղծմանը, որի առաջին նախադեպային փորձը փայլուն ձևով աշխատել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգելու առումով: «Համահայկական խորհուրդը անհրաժեշտություն է և անհետաձգելի հրամայական՝ իբրև թե´ հայրենական, բնականաբար, նաև՝ Արցախյան, թե´ Սփյուռքյան ռազմավարական նշանակություն և համահայկական տարողունակություն ունեցող հիմնախնդիրները համակարգելու և միասին աշխատելու առումով»,-ասել է նա՝ հավելելով, որ նման խորհուրդը կունենա նաև տարածաշրջանային խորհուրդներ կամ հանձնաժողովներ, որոնք կհամագործակցեն և կհամադրեն իրենց ծրագրերը Համահայկական կենտրոնական խորհրդի հետ:

Մայիսյան հաղթական հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի նախաշեմին 2017թ. սեպտեմբերի 18-20-ին Երևանում անցկացվելու է «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք հերթական 6-րդ համահայկական համաժողովը: Համաժողովին մասնակցելու են պետական, քաղաքական, հասարակական գործիչների, համահայկական կառույցների և համայնքներում գործող կազմակերպությունների ղեկավարներ և անդամներ, լրագրողներ, կրթության, մշակույթի և հոգևոր ոլորտների ներկայացուցիչներ Սփյուռքից, Հայաստանից և Արցախից: Համաժողովին ներկա են գտնվելու Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական բարձրաստիճան այրեր և հոգևոր առաջնորդներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում