Օտարերկրյա ներդրումները Հայաստանում ավելացել են. Գերմանիան, Կանադան ու Լիբանանը  խոշոր ներդրողներից են

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներդրումային դաշտի օրենսդրական բարեփոխումները, միջազգային հարթակներում երկրի ճանաչելիության բարձրացումը նպաստել են Հայաստանում օտարերկրյա ներդրումների հոսքի ավելացմանը: Օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը Հայաստանում 2017-ի առաջին եռամսյակում ավելացել է մոտ 4.84 մլրդ դրամով՝ կազմելով ընդհանուր մոտ 19.7 մլրդ դրամ: Պաշտոնական տվյալներով՝ առաջին եռամսյակում առավել շատ ներդրումներ եղել են տեղեկատվության և կապի, մշակող արդյունաբերության, հանքարդյունաբերության, էներգետիկայի ոլորտներում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներդրումների ներգրավման և համակարգման վարչության պետ Վահագն Լալայանն ասաց, որ վերջին տարիների ամենախոշոր ներդրողներն են Գերմանիան, Կանադան, Լիբանանը, Ֆրանսիան, Կիպրոսը, Արգենտինան, Ռուսաստանն ու Էմիրությունները:

«Օտարերկրյա ներդրումների ներգրավման ուղղությամբ վերջին ժամանակներում ակտիվ քայլեր ենք իրականացնում: Ստեղծել ենք պետական աջակցության լուրջ գործիքակազմ, որը խթանում է բոլոր ոլորտները:Մենք ձեռնարկել ենք ներդրումային օրենսդրության բարեփոխումներ: «Օտարերկրյա ներդրումների մասին» նոր օրենքը գրեթե պատրաստ է, և շուտով կներկայացվի կառավարությանը: Հիմնական շեշտը դրել ենք ներդրումների պաշտպանության վրա, որը կբերի ներդրողների վստահության բարձրացմանը: Մեծ քայլեր ենք իրականացրել Հայաստանը մեծ հարթակներում ներկայացնելու ուղղությամբ: Դրանք բարձրացնում են ճանաչելիությունը՝ որպես ներդրումների երկիր: Նախարարության կողմից ստեղծվեցին նաև Հայաստանի ներդրումային միջավայրը, ներդրումային ծրագրերը ներկայացնող տպագիր նյութեր, որոնք մեր դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով տարածվեցին ամբողջ աշխարհում, հրապարակվեցին կայքերում, նաև կրիչներով ուղարկվեցին տարբեր երկրներ»,-ասաց Լալայանը:

Նրա խոսքով՝ հաջորդ քայլը ներդրումային ծրագրերի հարթակի ստեղծումն էր: investmentprojects.am-ում տեղադրվել են Հայաստանում գործող հեռանկարային խոշոր ծրագրերը: Խթան են հանդիսացել նաև մասնավոր և պետության հետ համագործակցող ֆոնդերի ստեղծումը, որոնք զբաղվում են ներդրումների ներգրավմամբ:

Պաշտոնական տվյալներով՝ առաջին եռամսյակում առավել շատ ներդրումներ եղել են տեղեկատվության և կապի, մշակող արդյունաբերության , էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում: Ներդրումների զուտ հոսքերը տեղեկատվության և կապի ոլորտում կազմել են 16 մլն դոլար, հանքարդյունաբերությունում՝ 18 մլն դոլար, կացության կազմակերպման մեջ 5 մլն դոլար, մշակող արդյունաբերությունում՝ 4 մլն դոլար: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2017-ի առաջին եռամսյակում օտարերկրյա ներդրումներ չեն եղել բուսաբուծության, անասնապահության, ծխախոտային արտադրության, շենքերի շինարարության և այլ ոլորտներում: Խոսելով այդ ոլորտների մասին՝ Լալայանը նշեց, որ պատճառները կարող են բազմազան լինել՝ սկսած առաջին երեք ամիսներին եղանակով պայմանավորված կապիտալ շինարարության ցածր ակտիվությամբ:

Ըստ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներքին մոնիտորինգի տվյալների` 2017-ի առաջին 6 ամիսներին իրականացվում է 66 ծրագիր՝ շուրջ 500 մլն ԱՄՆ դոլարի ընդհանուր ներդրումներով, որոնք կստեղծեն 7140 նոր աշխատատեղ: Ներդրումների մեծ մասն իրականացրել են օտարերկրյա ներդրողները: Առաջին կիսամյակի տվյալներով՝ շուրջ 230 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ արդեն իսկ կատարվել են, ստեղծվել է շուրջ 2700 նոր աշխատատեղ: Այս ներդրումները հիմնականում իրականացվել են հանքագործության, գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, դեղագործության ոլորտներում: Գյուղատնտեսության ոլորտում իրականացվել է շուրջ 45 մլն դոլարի ներդրում ՝ ստեղծելով 640 աշխատատեղ: Ներդրումների մեծ աշխուժություն կա նաև էներգետիկայի, ՏՏ, զբոսաշրջության ոլորտներում: Մարզերում կատարվել է 167 մլն դոլարի ներդրում, և ստեղծվել է շուրջ 2000 աշխատատեղ՝ ամենաշատը Վայոց ձորի, Արարատի, Սյունիքի, Կոտայքի մարզերում: Վայոց ձորում ներդրումներն իրականացվել են հանքագործության ոլորտում, Արմավիրում և Արարատում՝ սննդի և խմիչքի արտադրության, Տավուշում՝ տեքստիլի:

«Տեքստիլ արդյունաբերության ոլորտն ունի մեծ պոտենցիալ, սակայն մինչև վերջին 2 տարին չէր օգտագործվում: Այս տարվա ընթացքում 8-10 արտադրություններ են ստեղծվել այս ոլորտում: Մոնիտորինգի արդյունքները ակտիվություն են ցույց տալիս: Սպասումները դրական են, տարեկան տվյալներով ևս դրական արդյունք ենք ակնկալում»,-ասաց Լալայանը:

Աննա Գրիգորյան

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում