Կիպրոսի խորհրդարանի հայ պատգամավորը Հայաստանի հետ  առեւտրաշրջանառությունը գոհացուցիչ չի համարում

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն այս տարի նշում է մի շարք երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը։ Երկրների ցանկում է նաեւ Կիպրոսը։ 25 տարիների երկկողմ հարաբերություններում գրանցած հաջողությունների, տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարների, Կիպրոսի հայ համայնքին առնչվող հարցերի վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է Կիպրոսի խորհրդարանի հայ պատգամավոր Վարդգես Մահտեսյանի հետ։

-Պրն Մահտեսյան, այս տարի լրանում է Կիպրոսի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Ի՞նչ զարգացումներ են գրանցվել երկկողմ հարաբերություններում այս տարիների ընթացքում եւ ի՞նչ մակարդակի վրա են նրանք գտնվում այսօր:

-Անցնող 25 տարիների ընթացքում այս հարաբերությունները հետզհետե աճել ու սերտացել են եւ ներկայումս գտնվում են բարեկամության եւ գործակցության բարձր մակարդակի վրա: Այս ժամանակաշրջանում երկու կառավարությունների կողմից ավելի քան 25 համաձայնագրեր են ստորագրվել։

-Կիպրոսն ու Հայաստանն այսօր համագործակցում են մի շարք ոլորտներում` քաղաքական, ռազմական, մշակութային, կրթական և այլն: Կցանկանայի՝ անդրադառնայիք նաեւ այն հարցին, թե որ մակարդակում է գտնվում համագործակցությունը տվյալ ոլորտներում առանձին-առանձին: Նաեւ երկրների միջեւ տնտեսական համագործակցության ընդլայնման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:

-Կիպրոսի եւ Հայաստանի գործակցությունն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ: Քաղաքական ոլորտում կարելի է նշել երկու պետությունների սփյուռքների միջեւ գործակցության համաձայնությունը, ինչպես նաեւ Արցախի ժողովրդի ինքնորոշմանը զորակցող հայտարարությունները կիպրոսցի նախարարների կողմից: Հատկանշական էր Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Կիպրոսի կառավարության ամբողջական մասնակցությունը Երեւանում կազմակերպված միջոցառումներին նախագահի, խորհրդարանի նախագահի եւ այլ բարձրաստիճան պետական այրերի մակարդակով: Ռազմական ոլորտի կապակցությամբ պետք է ասել, որ ՀՀ-ում Աթենքի դեսպանության ռազմական կցորդը նույն պաշտոնն է զբաղեցնում նաեւ Կիպրոսում, իսկ վերջերս ընդունեցինք Հայաստանի պաշտպանության նախարարին, ում հետ քննարկվեցին երկու երկրներին վերաբերող կարեւոր հարցեր: Մշակութային ոլորտում գործունեությունը բավականին ընդլայնված է։ Մեր նախաձեռնությամբ գրեթե ամեն տարի Հայաստանից հրավիրվում են բարձրակարգ արվեստագետներ, ովքեր ելույթ են ունենում լեցուն սրահներում: Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի եւ Կիպրոսի խորհրդարանների համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված ցուցահանդես, որի բացումը կատարեցին երկու խորհրդարանների նախագահները: Երկու երկրների կողմից հրատարակվեց նաեւ հատուկ նամականիշ, որը կրում է Մելքոնյան կրթական հաստատության նկարը: Կրթական ոլորտում կարեւոր է նշել, որ վերջերս Հայաստան այցելեց Կիպրոսի համալսարանի ռեկտորը, ով համագործակցության կարեւոր համաձայնություններ ստորագրեց Երեւանի պետական, ինչպես նաեւ Հայաստանի ամերիկյան համալսարանների հետ: Կցանկանամ նշել, որ բոլոր այս ոլորտներում եւ մանավանդ տնտեսական համագործակցության ընդլայնումը կարող է ավելի արագ զարգանալ, եթե մեր երկու երկրների միջեւ մշտական ուղիղ թռիչքներ գործեն։

- Ձեր ունեցած վերջին տվյալներով որքա՞ն է առևտրաշրջանառության ծավալը, ո՞ր ոլորտներում է իրականացվում ապրանքաշրջանառություն, և արդյո՞ք գոհացուցիչ են առկա թվերը: Կցանկանայի՝ անդրադառնայինք նաեւ ներդրումային ոլորտում նախանշված ծրագրերին։

-Դժբախտաբար, առեւտրաշրջանառության ծավալը գոհացուցիչ չէ: Օրինակ՝ 2014-2016 թվականներին միջին հաշվով տարեկան ներմուծումը Հայաստանից կազմել է 10.000 եվրո, իսկ դեպի Հայաստան արտահանումը դարձյալ միջին հաշվով տարեկան՝ 600.000 եվրո: Ներդրումային ոլորտում դեռեւս նշանակելի ծրագրեր չկան։

-Հայաստանի եւ Կիպրոսի զբոսաշրջության զարգացման տեսանկյունից ի ՞նչ հնարավորություններ կան: Արդյո ՞ք նախանշված են կոնկրետ ուղղություններ:

-Զբոսաշրջության զարգացման տեսանկյունից լայն հնարավորություններ կան, սակայն ուղիղ թռիչքների բացակայությունը եւ վիզայի որոշ դժվարությունները արգելք են հանդիսանում: Aegean-ի չվերթների մեկնարկը դրությունը որոշ չափով բարելավեց: Կիպրոսի զբոսաշրջիկների խմբեր կարելի է ուղարկել, սակայն Հայաստանը պետք է հնարավորություններ ստեղծի, դժվարությունները հարթի եւ ծանուցողական աշխատանք տանի:

-Իսկ ըստ Ձեզ՝ Հայաստանում ի՞նչն է գրավում Կիպրոսի զբոսաշրջիկներին և հակառակը, հայ զբոսաշրջիկներին`Կիպրոսում:

-Հայաստանի առավելություններն են՝ թանգարանները, մշակույթի կոթողները, մշակույթը, արվեստը եւ բնական գեղեցկությունները: Իսկ Կիպրոսը կարող է մատուցել իր ծովափերը, բնությունը, հանդարտ ապրելակերպն ու հաճելի ժամանցը: Այստեղ կարեւոր է ընդգծել երկու ժողովուրդների մտածելակերպի նմանությունները, որով նրանք կարող են երկու երկրների մեջ էլ իրենց տանը զգալ։

- Պարոն Մահտեսյան, ի ՞նչ կասեք Կիպրոսում հայ համայնքի վերաբերյալ. այն ինչպիսի՞ դերակատարում ունի Կիպրոսի զարգացման գործում:

-Կիպրոսի հայ համայնքը փոքր, սակայն կազմակերպված եւ աշխույժ է: Կիպրահայերը երկրի զարգացման գործում դերակատարություն են ունեցել եւ անցյալում, եւ այսօր: Հայերը փայլում են բոլոր ոլորտներում ու դեպի աշխարհի զանազան երկրներ ուղարկված պատվիրակությունների կազմում պատվով են ներկայացնում Կիպրոսը արվեստի, տնտեսության եւ այլ ոլորտներում:

րքա ՞ն է հայերի թիվը, կոնկրետ ո՞ր ոլորտներում են գործունեություն ծավալում:

-Կիպրոսի հայ համայնքի թիվը շուրջ 3.500 է, մեծամասնությունը մայրաքաղաք Նիկոսիայում է, մնացածը՝ Լառնակայի, Լիմասոլի եւ Պաֆոսի ծովամերձ քաղաքներում: Հիմնականում նրանք վաճառականներ են, բժիշկներ, արհեստավորներ եւ պաշտոնյաներ մեծ հաստատություններում։

-Իսկ ի՞նչ է նախատեսված Կիպրոսում 2017 թվականի օրակարգում՝ կապված հայերին առնչվող հարցերի հետ, ի՞նչ միջոցառումներ են սպասվում առաջիկայում:

-Կիպրոսի համար 2017-ի կարեւորագույն օրակարգը կիպրական հարցի բանակցությունների ներկա փուլն է, որ վերջերս կայացավ Շվեյցարիայում ՄԱԿ-ի հովանու ներքո: Դժբախտաբար, չկարողացան ինչ-որ լուծման հասնել, սակայն հուսով ենք, որ համապատասխան լուծում գտնելու պարագայում հայ համայնքի իրավիճակը եւս կարգավորված կլինի նոր սահմանադրության մեջ: Ինչ վերաբերում է համայնքային ներքին կյանքին, մեր համայնքում գործում են համահայկական կազմակերպությունների տեղական մասնաճյուղերը՝ ՀՄԸՄ-ՀԵՄ, ՀԲԸՄ, Համազգային, ՀՕՄ, որոնք աշխույժ գործունեություն են իրականացնում եւ յուրաքանչյուրն իր ոլորտում՝ մշակութային, մարզական, սկաուտական, բարեգործական, երիտասարդական եւ պատանեկան գործունեությամբ ձգտում են կենդանի պահել հայ համայնքի հայախոս նկարագիրը:

Հարցազրույցը՝ Սյուզի Մուրադյանի

Հայերեն English

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին