Տնտեսություն

Հայաստանը ձգտում է բարելավել դիրքը Գլոբալ  մրցունակության ինդեքսում. հաստատվեց միջոցառումների ծրագիրը

4 րոպեի ընթերցում

Հայաստանը ձգտում է բարելավել դիրքը Գլոբալ  մրցունակության ինդեքսում. հաստատվեց միջոցառումների ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հաստատեց Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավման 2017-2018 թթ. միջոցառումների ծրագիրը, որը ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Նախարարը նշեց, որ 2016-2017 թթ. Գլոբալ մրցունակության ինդեքսում (ԳՄԻ) Հայաստանը 4.1 միավորով զբաղեցնում է 79-րդ տեղը 138 երկրների շարքում: Նախորդ տարվա համեմատ բարելավել է դիրքը 3 տեղով: Գնահատված ԱՊՀ երկրների շարքում (ներառյալ՝ Վրաստանը) 6-րդն է: «ԳՄԻ միջոցով գնահատվում են երկրների մրցունակության ընդհանուր մակարդակները և վարկանիշավորվում համադրելի չափողականությամբ` ներառյալ երկրի զարգացման մակրոտնտեսական և միկրոտնտեսական հիմքերը, ինստիտուցիոնալ ու կարգավորող միջավայրը: Ըստ 3 ենթաինդեքսների 12 հենասյուներում խմբավորված 114 ցուցանիշի միջոցով գնահատվում են երկրների ինստիտուտների և ենթակառուցվածքների որակը, մակրոտնտեսական միջավայրը, առողջապահության և տարրական կրթության, բարձրագույն կրթության և վերապատրաստման ոլորտներում առաջընթացը, ապրանքների և աշխատուժի շուկաների արդյունավետությունը, ֆինանսական շուկաների խորությունը, շուկայի չափը, տեխնոլոգիական պատրաստվածությունը, նորարարության և կատարելագործվածության գործոնները: Ինդեքսի գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվության 2/3-ը ձևավորվում է գործադիր հարցումների միջոցով և ընդամենը 1/3-ը` վիճակագրական տվյալների»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարայանը:

Ըստ նրա, ինդեքսում երկրի դիրքի բարելավման գործողությունների շրջանակ ձևավորելու նպատակով բացահայտվել են երկրի առավելապես թույլ կողմերը ըստ վերջին զեկույցի` դուրս բերելով ցուցանիշների այն խումբը, որոնց մասով Հայաստանի զբաղեցրած դիրքերը զիջել են դասակարգման առաջին 50 տոկոս երկրներին: Առանձնացվել են նաև բացասական դինամիկա ունեցող ուղղությունները՝ անկախ այս պահին զբաղեցրած դիրքից: Նշված քայլերի արդյունքում ստացվել են 78 ցուցանիշ, որոնց գծով Հայաստանը կամ գտնվում է գնահատված երկրների կեսից ցածր դիրքում, կամ նախորդ տարվա համեմատ դիրքի առաջընթաց չի արձանագրել: Այդ ցուցանիշները խմբավորվում են թվով 10 ուղղություններում (ինստիտուտներ, ենթակառուցվածքներ, առողջություն, բարձրագույն կրթություն և ուսուցում, ապրանքային շուկայի արդյունավետություն, աշխատանքային շուկայի արդյունավետություն, ֆինանսական շուկայի զարգացածություն, տեխնոլոգիական պատրաստվածություն, բիզնեսի կատարելագործվածություն, նորամուծություններ)։ «Բացահայտված թույլ կողմերի առնչությամբ շահագրգիռ գերատեսչությունների հետ ձևավորվել են համապատասխան միջոցառումներն ու գործողությունները, որոնք ուղղված են նշված ուղղություններով առաջընթաց ապահովելուն։ Միաժամանակ, ինդեքսով Հայաստանի դիրքի բարելավմանը կնպաստեն նաև արդեն իսկ իրականացվող և ՀՀ կառավարության ծրագրով արտահայտված համակարգային երկարաժամկետ բարեփոխումները մակրոտնտեսական կայունության, արտահանման շուկաների ընդլայնման, հանրային կառավարման համակարգում արդյունավետության բարձրացման ուղղություններով»,- ասաց Կարայանը։ Ծրագիրը ներառում է 36 միջոցառում, որոնք կիրականացվեն 2017-2018 թվականների ընթացքում։ 2018 թվականի ավարտին, այս ծրագրի իրագործման արդյունքների և Գլոբալ մրցունակության նոր զեկույցի գնահատականների հիման վրա կձևավորվի նոր միջոցառումների ծրագիր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում