Պաշտոնական

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպաններին

3 րոպեի ընթերցում

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպաններին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Կարեն Կարապետյանը հուլիսի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է զարգացնելու ԵՄ հետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով, և ՀՀ-ԵՄ կառուցողական, գործընկերային երկխոսությունը մեծապես նպաստում է այդ գործընթացին: Կարեն Կարապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2017-2022 թթ. ծրագրի առաջնահերթությունները, տարբեր ոլորտներում նախատեսված բարեփոխումները և հիմնական անելիքները: Կառավարության ղեկավարը, մասնավորապես, անդրադարձել է պետական կառավարման, մարդու իրավունքների, դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսական (GSP+ արտոնությունների ընդհանրացված համակարգ ռեժիմ, ազատ տնտեսական գոտիներ) բնագավառներում մինչ օրս կատարված աշխատանքներին, արձանագրված արդյունքներին և առաջիկա քայլերին: ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հավակնոտ և տպավորիչ է որակել ՀՀ կառավարության ծրագիրն ու բարեփոխումների օրակարգը և վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ համատեղ աշխատելու, ՀՀ-ԵՄ հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու ուղղությամբ:

ԵՄ կողմը ողջունել է ՀՀ կառավարության նախաձեռնած քայլերը հակակոռուպցիոն քաղաքականության, ընտրական գործընթացների կազմակերպման, դատական համակարգի, մարդու իրավունքների պաշտպանության, բարենպաստ բիզնես միջավայրի ձևավորման և մի շարք այլ ուղղություններով՝ ընդգծելով, որ կշարունակի օժանդակել Հայաստանին՝ երկրի զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող այդ գործում: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս: Մասնավորապես, վարչապետ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել կառավարության ծրագրերին և բարեփոխումներին աջակցության պատրաստակամության համար և կարևորել նման ձևաչափով հանդիպումները՝ թե՛ օրակարգային հարցերը քննարկելու, և թե՛ համագործակցության հետագա ուղղությունները նախանշելու համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում