Մշակույթ

Նարեկ Հախնազարյանն իր կատարումներով հիացրեց երաժշտասերներին

2 րոպեի ընթերցում

Նարեկ Հախնազարյանն իր կատարումներով հիացրեց երաժշտասերներին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բազմաթիվ մրցույթների հաղթող, հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանն իր գեղեցիկ, հուզիչ ու փայլուն կատարումներով մեծ բավականություն պատճառեց հանդիսատեսին: Թավջութակահարի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը տեղի ունեցավ հուլիսի 5-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ծրագիրն իրականացվեց «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակում:

«Ուրախ եմ, որ Հայաստանում բարձր մակարդակով կազմակերպված փառատոն է իրականացվում: Հաճելի է, որ այն անցկացվում է ամռանը, և այս տապին երաժշտասերները կարող են կտրվել իրենց հոգսերից ու վայելել դասական, հետաքրքիր ստեղծագործություններ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Նարեկ Հախնազարյանը:

Նա հավելեց, որ միշտ պատրաստ է ելույթ ունենալ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և իր ընկեր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ:

«Կատարելու ենք Ալեքսեյ Շորի և Կամիլ Սեն-Սանսի գործերը: Ծրագիրը յուրահատուկ է. հուսամ` այն դուր կգա հանդիսատեսին»,-եզրափակեց նա:

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանն ասաց, որ լավ է զգում Նարեկ Հախնազարյանի հետ բեմում հանդես գալու համար:

Անդրադառնալով «Արմենիա» մրցույթ-փառատոնին` նա նշեց, որ մրցույթի առաջին օրը լավ է անցել: «Խոսել եմ ժյուրիի անդամների հետ: Նրանք ասացին, որ մասնակիցների մեջ շատ են լավ երաժիշտները»,- շեշտեց Սմբատյանը:

Ըստ գեղարվեստական ղեկավարի` այն հանգամանքը, որ մրցույթ-փառատոնին մասնակցում են 14 երկրից 48 երաժիշտ վկայում է այն մասին, որ «Արմենիա»-ն վստահություն է ներշնչում ու կայացած է:

«Ուրախալի է նաև այն, որ «Արմենիա» անունը կհնչի ողջ աշխարհում»,-ընդգծեց Սմբատյանը:

«Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնն անցկացվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Այն իրականացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում