Հասարակական

Արցախի նախագահն անձամբ է մանկավարժականի 21 լավագույն շրջանավարտներին հանձնել ավարտական դիպլոմները

4 րոպեի ընթերցում

Արցախի նախագահն անձամբ է մանկավարժականի 21 լավագույն շրջանավարտներին հանձնել ավարտական դիպլոմները

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 2016-2017 ուստարվա շրջանավարտներն ստացան ավարտական դիպլոմները: 2700 ուսանողներից լավագույն 21-ին վկայական հանձնելու համար Արցախի Հանրապետությունից Հայաստան էր ժամանել Նախագահ Բակո Սահակյանը:

Արցախի Հանրապետության նախագահը շրջանավարտներին վկայականները հանձնելուց հետո ողջունեց ներկաներին եւ վստահություն հայտնեց, որ արդեն մանկավարժի կոչումը ստացած շրջանավարտները զգալիորեն նպաստելու են երկրի հանրակրթության, գիտության, մշակույթի եւ այլ ոլորտների զարգացմանը:

«Ես սիրով եմ ընդունել համալսարանի ղեկավարության՝ շրջանավարտներին դիպլոմներ հանձնելու հրավերը: Նախեւառաջ, ուզում եմ շնորհավորել բոլոր շրջանավարտներին իրենց կյանքի կարեւոր այս իրադարձության՝ Հայաստանի ամենահեղինակավոր բուհերից մեկն ավարտելու կապակցությամբ: Ինձ քաջ հայտնի է, որ ձեզ համար արարողությունը միաժամանակ ուրախալի է եւ հուզիչ. ուրախալի, որովհետեւ ավարտել եք համալսարանը բարձր առաջադիմությամբ, ստացել եք խորը գիտելիք, ձեռք բերել անհրաժեշտ փորձ. հուզիչ, որովհետեւ հրաժեշտ եք տալիս ձեզ համար հարազատ մի օջախի, ձեր դասախոսներին: Համոզված եմ՝ բարձրագույն կրթություն ստանալու հետ այս տարիների ընթացքում ձեզ մոտ ձեւավորվել է անհրաժեշտ վստահություն, որ ստացել եք որակյալ կրթություն, ինչը թույլ կտա ձեզ արժանի տեղ զբաղեցնել կյանքում: Դուք ստանձնում եք կարեւոր առաքելություն կրթելու ու դաստիարակելու սերունդների: Դա մի ճակատ է, որտեղ նույնպես կերտվում է ազգի ապագան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Բակո Սահակյանը:

Արցախի Հանրապետության նախագահը հատուկ շեշտեց, որ համալսարանի ուսանողները նաեւ իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել թե արցախյան ազատամարտին, թե ապրիլյան պատերազմին, թե որպես սահմանին կանգնած զինվոր:

«Մենք միշտ պետք է հիշենք եւ երախտապարտ լինենք հայրենիքի բոլոր պաշտպաններին»,-ընդգծեց Բակո Սահակյանը եւ Արցախում ընդունված ավանդույթը բերեց նաեւ մանկավարժական համալսարան. լավագույն ուսանողներին շնորհեց 200 հազարական դրամ որպես խրախուսանք:

Համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, շնորհավորելով շրջանավարտներին, հավաստիացրեց, որ ցանկացած նախաձեռնություն իրականացնելիս միշտ գիտակցելու են, որ Արցախն ազգային մեծագույն նվաճում է, եւ անելու են ամեն ինչ Արցախի անկախության համար:

21 լավագույն ուսանողների շարքում է իրավագիտության եւ պատմության ֆակուլտետի շրջանավարտ, պայմանագրային զինծառայող Սարգիս Խաչատրյանը, ով ապրիլյան պատերազմի օրերին զինակիցների հետ միասին նույնպես պայքարել է հակառակորդի դեմ: 24-ամյա Սարգիսն Արթիկից է, արդեն 5 տարի է՝ ծառայում է Քարվաճառում:

«Ապրիլյան պատերազմին եղել եմ Թալիշում: Մի բան կարող եմ ասել. պատերազմն ապացուցեց, որ խրամատում կանգնած մեր զինվորները միանշանակ պատրաստ են կատարելու մարտական խնդիրը: Շատ լավ ընկերներ եմ ունեցել, ովքեր զոհվել են ապրիլյան պատերազմում՝ Հրաչյա Մուրադյանը, Վրեժ Սարգսյանը, Հարություն Աբրահամյանը, Արգիշտի Գաբոյանը»,-մեզ հետ զրույցում ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում