Կարեն Կարապետյանը համոզված է՝ կառավարության ծրագիրը պետությունը փոխելու է դեպի լավը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության ներկայացրած ծրագիրը մեր պետությունը փոխելու է դեպի լավը՝ հիմնված է մեր մշակույթի, ավանդույթների, ընտանեկան արժեքների վրա և միևնույն ժամանակ ժամանակակից և հասկանալի աշխարհի համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին Ազգային ժողովում ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ:

«Ազգային ժողովի հարգարժա´ն նախագահ,

հարգելի´ գործընկերներ,

հարգելի´ խորհրդարան,

տիկնայք և պարոնայք,

Նախ և առաջ, ցանկանում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել այս քննարկումների և առաջարկությունների համար: Չափազանց կարևոր է, որ մենք կարողանանք հանդուրժողական և կոռեկտ միջավայր ձևավորել: Հիմնականում ելույթները եղել են այդպիսին, բայց եղել են նաև էմոցիոնալ ելույթներ: Ձեր թույլտվությամբ նաև դրանց կարձագանքեմ:

«Ելք» դաշինքի մեր գործընկերների հիմնական քննադատությունը հետևյալն էր. մենք չենք հասկանում՝ 2018 թվականի վարչապետն ով է, այդ իսկ պատճառով կառավարության ծրագիրը քննարկելու իմաստ չենք տեսնում: Կար գնահատական, որ լիբերալ ծրագիր է և դա ձերը չի, մերը պետք է լինի: Ճիշտն ասած, ես այդ գնահատականն ընդունել եմ որպես դրական: Կային առարկայական առաջարկություններ գյուղատնտեսության և այլընտրանքային էներգետիկայի վերաբերյալ, որոնք արդեն ընդգրկված են: Կային նաև էմոցիոնալ ելույթներ, որ այս ծրագիրն առաջընթացի ծրագիր չէ, այլ տեղում դոփելու, բայց, իմ կարծիքով, այն առանձնապես հիմնավորված չէր:

«Ծառուկյան» դաշինքի մեր գործընկերների քննադատությունը կամ առաջարկությունները հիմնականում երկու դասի էին. մենք 430 հազար ձայն ունենք, ինչո՞ւ մեր ծրագիրը չեք ընդունում: Փաստարկն այն է, որ մենք ավելի շատ ձայն ենք ստացել, և մեր կարծիքով՝ մեր ծրագիրն ավելի առարկայական է և իրագործելի: Երկրորդ, քաղաքական ուժը նախկինում ունեցել է որոշակի սխալներ կամ չկատարված քայլեր, այդ իսկ պատճառով ցանկացած դեպքում ինչ ծրագիր էլ լինի, մենք չենք քննարկում, չենք լսում: Նաև խմբակցության ղեկավարի խոսքում՝ որպես քննադատություն, ներառված էին այն խնդիրները, որոնք ունենք, բայց մենք մեր ծրագրի մեջ հենց այդ խնդիրներն էլ ֆիքսել ենք և ասել ենք, որ լուծում ենք տալու: Կային, իհարկե, առարկայական առաջարկություններ, բայց նաև էմոցիոնալ ելույթներ՝ ոչ կոռեկտ, անձնական և ոչ հեռանկարային: Ուղղակի խորհուրդ, հորդոր՝ դա ճիշտ չէ:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր խմբակցության և մեր դաշնակից գործընկերներին՝ հնչեցրած գնահատականների և աջակցության համար:

Երկու խոսք ասեմ այսօրվա կառավարության և մեր թիմի մասին: Գուցե մի քիչ անհամեստ հնչի, բայց կուզենամ անպայման ճիշտ հասկացված լինել. հավաքվել է բավական ազնիվ, պարկեշտ մարդկանց թիմ: Շատ լավ մթնոլորտ է ձևավորվել՝ աշխատանքային, բաց, գործընկերային, ազատ: Մենք չափազանց շահագրգռված ենք, որպեսզի լինեն կառուցողական առաջարկություններ, քննարկումներ՝ ոչ թե առիթից առիթ, այլ ամենօրյա ռեժիմով: Ընդ որում, այդ թիմը կազմված է մարդկանցից, ովքեր մեր երկրին ծառայելու և լավ գործեր անելու ցանկություն ունեն:

Կառավարության ծրագրի վերաբերյալ. մեր պատկերացմամբ՝ մենք կազմել ենք շատ աշխատունակ, շատ պոտենցիալ և հաշվարկված ծրագիր: Ունեցել ենք ներքին բանավեճեր, քննարկել ենք մասնագետների հետ և ոչ միայն հայ մասնագետների: Սա պրոֆեսիոնալ ծրագիր է, որը մեր պետությունը փոխելու է դեպի լավը՝ հիմնված է մեր մշակույթի, ավանդույթների, ընտանեկան արժեքների վրա և միևնույն ժամանակ ժամանակակից և հասկանալի աշխարհի համար: Կրկին ուզում եմ ասել, որ մենք բաց ենք և շահագրգռված ցանկացած հարթակում, թե´ կառավարությունում, թե´ այստեղ համատեղ աշխատելու համար:

Կառավարության թիմն այսօր, իհարկե, աջակցության կարիք ունի այն առումով, որպեսզի այն, ինչ նախատեսել ենք, իրագործվի: Չնայած այստեղ մեր գործընկերները, խմբակցությունները հայտարարել են իրենց դիրքորոշումը, թե ինչպես են քվեարկելու, և գուցե այդ առումով կոչ անելը մի փոքր անհեռանկարային է, բայց ուզում եմ կոչ անել, որպեսզի յուրաքանչյուրն ինքը գնահատի՝ մեր ծրագիրն իրատեսակա՞ն է, թե՞ ոչ, իր միջով անցկացնի, իր խղճով անի և ոչ միայն քաղաքական նկատառումներից ելնելով քվեարկություն կատարի: Կրկին ծրագրին անդրադառնալով՝ ասեմ, որ շատ ենք աշխատել դրա վրա, և հստակ պատկերացնում ենք՝ ինչ պետք է անենք: Բոլորին շնորհակալություն և լավ տրամադրություն»:

Հայերեն English

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան