Սիրով Հայաստանին ու Ռուսաստանին. Երևանում բացվել է Ռուսաստանի օրվան նվիրված ցուցահանդես

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում բացվել է «Սիրով Հայաստանին ու Ռուսաստանին» խորագրով ցուցահանդեսը` նվիրված Ռուսաստանի օրվան: Ցուցահանդեսը ներառում է ավելի քան 200 լուսանկարչական աշխատանք, որոնք պատմում են 10 երկրներում հասարակական գործիչ և բարերար Հրաչյա Պողոսյանի բարեգործական գործունեության մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ Հրաչյա Պողոսյանի մասին խոսելը շատ հեշտ, որովհետև ցուցահանդեսն արդեն խոսում է նրա մասին և բառերն ավելորդ են ներկայացնելու այդ մեծ մարդու գործունեությունը: «Նախարարության ստեղծման առաջին օրվանից մենք համագործակցում ենք բարերար Հրաչյա Պողոսյանի հետ: Ես հպարտ եմ, որ ունենք նման հայրենակից` համեստ, խելացի, կազմակերպված: Նա անում է գործեր, որոնք խոսում են նրա իրական կերպարի մասին: Ես ուրախ եմ, որ մենք Սանկտ Պետերբուրգում ապրող նման հայ ունենք: Շատ եմ կարևորում, որ նրա գործունեությունը նպաստում է հայ-ռուսական կապերի խորացմանն ու զարգացմանը: Հրաչյան ոչ միայն գործնական, այլ նաև մտավորական և մշակութային մարդ է: Նա հովանավորում է շատ գրքերի տպագրություններ»,- ասաց Հակոբյանը:

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողության ընթացքում ունեցած ելույթում նշեց, որ Հրաչյա Պողոսյանը տարիներ շարունակ եղել և շարունակում է լինել հայ ժողովրդի կողքին: «Նա հայ ժողովրդի և Հայ Առաքելական Եկեղեցու արժանի զավակն է, ով իր բարի գործերով մշտապես մեր ժողովրդի կողքին է: Ես պատիվ ունեմ Ազգային ժողովի անունից Հրաչյա Պողոսյանին հանձնել խորհրդարանական բարձրագույն պարգևը` Ազգային ժողովի հուշամեդալը»,- նշեց Շարմազանովը` բարերարին անձամբ հանձնելով հուշամեդալը:

Միջոցառման ընթացքում Հրաչյա Պողոսյանը բնակարան նվիրեց Գյումրիում 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո անօթևան մնացած կարիքավոր մի ընտանիքի: Բարերարն անձամբ ընտանիքի անդամներին հանձնեց բնակարանի բանալիները:

Հրաչյա Պողոսյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է իր ցուցահանդեսը հայրենիքում ներկայացնելը: «Ես այս ցուցահանդեսը նվիրել եմ Ռուսաստանի օրվան: Ցանկանում եմ նշել, որ ցանկացած հուշարձան, որը իմ կողմից ստեղծվել է, արվել է Հայաստանի և Ռուսաստանի նկատմամբ մեծ սիրով: Եթե ավելի խորը ուսումնասիրեք դրանք, կտեսնեք, որ ինչ-որ տեղ դրանք կապ ունեն նաև իմ ընտանիքի հետ: Ես միշտ հիշում եմ իմ մորը, երբ նա Հայրենական պատերազմից հետո փնտրում էր իր հորը: Նրանք նամակ էին ստացել, որ մորս հայրն անհետ կորել է, իսկ նա հավատում էր, որ իր հայրը ողջ է: Ամեն անգամ, երբ ես Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված հուշարձաններ եմ ստեղծել, ես մորս ասում էի. «Մայրիկ, համարիր, որ քո հոր մի մասնիկն այստեղ է»: Նույնը վերաբերվում է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններին: Իմ պապիկը Ցեղասպանության տարիներին կարողացել է փախչել Արևմտյան Հայաստանից և փրկվել կոտորածից: Պահպանվել է նրա օրագիրը, որտեղ նա մանրամասն նկարագրել է իր պատմությունը»,- ընդգծեց Պողոսյանը:

Միջոցառման շրջանակում կայացավ նաև Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի «Մեծ ժողովրդի զավակները» գրքի շնորհանդեսը, որը ներկայացրեց մարշալի թոռը՝ Իվան Բաղրամյանը: Այնուհետև ցուցադրվեց «Գնացք դեպի հավերժություն» վավերագրական ֆիլմը, որը նվիրված է 1941թ. հոկտեմբերի 14-ին Լենինգրադի մարզի Տիխվին կայարանում տեղի ունեցած ողբերգությանը, երբ ֆաշիստական ռմբակոծության զոհ դարձավ Լենինգրադից տարհանվող ավելի քան 2000 երեխա: 2016թ. Հրաչյա Պողոսյանի ջանքերով երեխաների զոհվելու վայրում կանգնեցվել է հուշարձան և վերականգնվել տապանաքարը:

Հայերեն English

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել