Պաշտոնական

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզի Բերդի և Իջևանի տարածաշրջաններ

3 րոպեի ընթերցում

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզի Բերդի և Իջևանի տարածաշրջաններ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 6-ին այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Արծվաբերդ համայնքում գտնվող «Տավուշ տեքստիլ» ընկերության մասնաճյուղ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Հանրապետության Նախագահը տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, «Տավուշ տեքստիլ»-ի ղեկավարության և մարզային իշխանությունների ներկայացուցիչների հետ շրջել է ընկերության արտադրամասում, ծանոթացել կատարված ներդրումներին, վերջին շրջանում իրականացված աշխատանքներին, արտահանման ծավալներին և ընկերության զարգացման ծրագրերին: Նախագահն աշխատանքային այցի շրջանակներում եղել է նաև «Տավուշ տեքստիլ»-ի Բերդի մասնաճյուղում: Ընկերության պատասխանատուները Հանրապետության Նախագահին ներկայացրել են, որ 2015 թվականից գործունեությունը սկսած «Տավուշ տեքստիլ» ընկերությունը ներկայումս ունի արտադրամասեր մարզի Չորաթան, Արծվաբերդ և Մոսեսգեղ համայնքներում, ինչպես նաև ընթացքի մեջ են Բերդ և Պառավաքար համայնքներում արտադրամասերի հիմնման աշխատանքները: Ընկերությունում այժմ աշխատում է 274 մարդ` 120.000 դրամ միջին ամսական աշխատավարձով:

Սերժ Սարգսյանը Արծվաբերդ համայնքում և Բերդ քաղաքում նաև հանդիպումներ է ունեցել բնակիչների հետ, այցելել Բերդի Սուրբ Գևորգ եկեղեցի:

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում Նախագահն այցելել է Ենոքավան համայնքում գտնվող «Ապագա ռեզորթ» և «Յելլ էքստրիմ պարկ» ընկերություններ: Հանրապետության Նախագահը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի, վերոնշյալ ընկերությունների ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել և ծանոթացել Ենոքավան գյուղի էքստրեմալ և արկածային զբոսաշրջության զարգացման համար ստեղծված պայմաններին, այդ թվում՝ հյուրանոցային ենթակառուցվածքներին:

Նույն համայնքում Նախագահ Սարգսյանն այցելել է նաև Ենոքավանի «Ֆրանսիական գյուղ» հյուրանոցային համալիր, ծանոթացել համալիրի կառուցման աշխատանքների ընթացքին. 2014 թվականին Ենոքավան և ֆրանսիական Վիլքրոզ համայնքների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, ըստ որի երկու համայնքները դարձել են քույր համայնքներ, և հիմք է դրվել համայնքների տնտեսությունների, հատկապես զբոսաշրջության ոլորտի զարգացման ուղղությամբ համագործակցությանը՝ ուշադրությունը կենտրոնացնելով համայնքների բնակչության առողջության և կենսունակության համար բարենպաստ ու անվտանգ շրջակա միջավայրի ընդլայնման հիմնախնդիրներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում