Մշակույթ

Ալտի և թավջութակի 7-րդ փառատոնը շնորհալի երաժիշտներին ինքնադրսևորման հնարավորություն կտա

2 րոպեի ընթերցում

Ալտի և թավջութակի 7-րդ փառատոնը շնորհալի երաժիշտներին ինքնադրսևորման հնարավորություն կտա

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի 7-րդ փառատոնի բացումը տեղի կունենա հունիսի 7-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թալալյան եղբայրների անվան ամենամյա փառատոնը նպատակ ունի ինքնադրսևորման հնարավորություն ընձեռել շնորհալի երիտասարդ կատարողներին, պրոպագանդել դասական և հայ ակադեմիական երաժշտությունը, ընդլայնել ստեղծագործական շփման դաշտը հայաբնակ, սփյուռքահայ և այլազգի երաժիշտների միջև, հատուկ կրթական ծրագրերի միջոցով նպաստել մանուկ և պատանի կատարողների զարգացմանը:

Այս տարվա փառատոնը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, նախատեսում է իրականացնել մի շարք համերգներ, որոնցում կներգրավվեն հայ երիտասարդ շնորհալի կատարողներ` հնչեցնելով պրեմիերաներ և դասական շրջանի հազվագյուտ կատարվող ստեղծագործություններ՝ գրված տարբեր կամերային կազմերի համար։ Փառատոնն առանձնակի կարևորում է մարզերում համերգային և կրթական ծրագրերի իրականացումը՝ ուշադրության կենտրոնում պահելով կամերային երաժշտությունը և թավջութակ ու ալտ գործիքները։

Այս նպատակի իրականացման շրջանակում նախատեսվում են համերգային ծրագրեր և վարպետության դասեր։

Փառատոնը կհյուրընկալի բազմաթիվ մրցույթների դափնեկիր, Ուտրեխտի երաժշտական համալսարանի պրոֆեսոր, թավջութակահարուհի Տիմորա Ռոսլերին (Իսրայել, Հոլանդիա): Կիրականացվեն համատեղ ծրագրեր Հայաստանի Լ. Մեծագործի անվ. տաճարականների միաբանության, Ա. Խաչատրյանի անվ. պետական լարային քառյակի, «Փյունիկ» հաշմանդամների միություն և “Հարմոնիում” ԵԶԿ ՀԿ-ների, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ:

Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի 7-րդ փառատոնը նվիրվում է Ալեքսանդր Հարությունյանի հիշատակին: Այն իրականացվում է «Արս լունգա» ՀԿ նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում