Տնտեսություն

Հայաստանն օտարերկրյա ներդրողներին հետաքրքրող շատ ոլորտներ ունի. «Բիզնես Ֆրանս»-ի գործադիր տնօրեն

2 րոպեի ընթերցում

 Հայաստանն օտարերկրյա ներդրողներին հետաքրքրող շատ  ոլորտներ ունի. «Բիզնես Ֆրանս»-ի գործադիր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բիզնես Ֆրանս»-ի գործադիր տնօրեն Կարոլին Լեբուշեն կարծում է, որ Հայաստանի տնտեսության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, դեղագործական ոլորտը, տեքստիլ արդյունաբերությունը, կարող են հետաքրքիր լինել օտարերկրյա ներդրողների համար:

«Մի շարք հետաքրքիր ոլորտներ կան, որոնց համար Հայաստանը նույնիսկ կարող է ներդրումային հանգույց դառնալ: Ներդրումների գործընթացը շարունակական է և ցանկացած ներդրում կատարելը մեկից երեք տարի է պահանջում:

Այս առումով կարծում եմ՝ ԵՄ «Հայաստանում ներդրումների խթանման և ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» թվինինգ ծրագիրն առանցքային նախագիծ է Հայաստանի տնտեսական քաղաքականության համար և Հայաստանի երկկողմ հարաբերությունների համար` առաջին հերթին Ֆրանսիայի հետ և, ընդհանուր առմամբ, արդեն Եվրամիության հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց կազմակերպության գործադիր տնօրենը՝ տեղեկացնելով, որ ծրագրի վրա 20-ից ավելի բարձրակարգ փորձագետներ են աշխատում:

Նա նաեւ նշեց, որ ծրագրի շրջանակում 100-ից ավելի փաստաթղթեր են մշակվել, որոնց մեծ մասը կառավարության կողմից արդեն ընդունվել են, իսկ մի մասն էլ դեռ պետք է ընդունվեն:

«Մի շարք առաքելություններ արդյունավետ կերպով են իրականացվել եւ դրական արդյունքներ են ունեցել, ինչպես օրինակ՝ Ֆրանսիայում տեղի ունեցած մի շարք գործարարների հանդիպումը: Հիմնական հարցը ճանաչողության խնդիրն է, որպեսզի Հայաստանն իր զինանոցում եղած բոլոր գործիքները կարողանա օգտագործել և ավելի ճանաչելի դառնալ աշխարհում: ԵՄ-ն լուսաբանում է այս ծրագիրը, որ երկկողմ հարաբերությունները զարգանան և այս առումով ճանաչելիությունը բարձրանա»,-եզրափակեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում