Սերգեյ Ավետիսյանը ՌԴ-ից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների աճի դրական դինամիկա է կանխատեսում
1 րոպեի ընթերցում
![Սերգեյ Ավետիսյանը ՌԴ-ից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների աճի դրական դինամիկա է կանխատեսում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/05/889183.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի քաղաքացիներին ներքին անձնագրերով Հայաստան այցելելու իրավունք տալու օրվանից մինչ այս պահը Հայաստան է ժամանել Ռուսաստանի շուրջ 7 հազար քաղաքացի: Մայիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: «Սա խոսում է այն մասին, որ դա պահանջված փոփոխություն էր: Կարծում եմ, որ դինամիկան լինելու է դրական, և Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքը մեր երկիր ավելանալու է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Ավետիսյանը:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը դրական համարեց այն հանգամանքը, որ այս տարի Նովրուզի տոնի ընթացքում ՀՀ ժամանած Իրանի քաղաքացների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնապատկվել է: Սերգեյ Ավետիսյանը հայտնեց, որ Նովրուզի տոնի երկու շաբաթվա ընթացքում Հայաստան է այցելել շուրջ 8 հազար Իրանի քաղաքացի: «Մենք միայն 80 չվերթ ունեցել ենք այդ ժամանակահատվածի համար»,- եզրափակեց նա: