Երևանյան բեսթսելեր 4/58. «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիրքը վարկանիշային աղյուսակում է
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում էԷդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ»ժողովածուն, որը հեղինակի երկրորդ գիրքն է: Այն մարդկային բարդ հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն: Հեղինակը փորձել է անդրադառնալ հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից:
Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»գիրքը մեկ հորիզոնականով բարելավել է իր դիրքերը և երկրորդն է: Վեպում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն է:
Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը»երրորդ տեղում է: Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ լույս է տեսել 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։
Չորրորդ հորիզոնականումԴանիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար»գիտաֆանտաստիկ երկն է: Սկզբնապես այն հրատարակվել է «The Magazine of Fantasy & Science Fiction» ամսագրի1959 թվականիապրիլյան համարում։ Արժանացել է«Հյուգո»մրցանակի, որպես լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք։ Հետագայում Քիզը լրացրել է պատմվածքը՝ այն դարձնելով ամբողջական վեպ (նույն անվամբ), որը ստացել է «Նեբյուլա» մրցանակը, որպես1966 թվականիլավագույն վեպ։
Ինչպես անցյալ, այնպես էլ այս շաբաթԷդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին»ժողովածուն հինգերորդ հորիզոնականում է:
Ցանկ է վերադարձել և վեցերորդ տեղը զբաղեցրել ԱրմենՍարգսյանի«Չկարդացածգրքերիփոխարեն»բանաստեղծությունների ժողովածուն, որը հեղինակի առաջին գիրքն է։
Յոթերորդ տեղումկրկինՍտեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ»գիրքն է, որում զետեղված է գրողի՝ առաջին անգամ հայերեն թարգմանված ամենահետաքրքիր ստեղծագործությունների մի փունջ: Թարգմանիչներն են Արա Առաքելյանը և Մարգարիտ Առաքելյանը:
Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան»այս շաբաթ ութերորդն է: Գիրքն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում Հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտորել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո, գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք:
Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը»ստեղծագործությունը զիջել է իր դիրքերը և հայտնվել իններորդ տեղում: Ստեղծագործության չորս հերոսներն առերեսվում են փոփոխությանը, և յուրաքանչյուրը յուրօրինակ վարքագիծ է դրսևորում: Դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը, սակայն, ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:
Ամենավաճառվածների ցանկը եզրափակում էՀերման Հեսսեի«Տափաստանի գայլը»ստեղծագործությունը: Գերմանացի մեծանուն գրողի այս վեպը նրա ամենաճանաչված ստեղծագործությունն է, որը ներկայացնում է 20-րդ դարասկզբի եվրոպական ճգնաժամի համապատկերը:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (54-07-06), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | 0 | ![]() |
Էդգար Հարությունյան «Չգտնված երիցուկներ» |
Անտարես | 49 |
| 2 | +1 | ![]() |
Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» |
Բուկինիստ | 27 |
| 3 | +1 | ![]() |
Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը» |
Էդիթ Պրինտ | 21 |
| 4 | Նոր | ![]() |
Դենիել Քիզ «Ծաղիկներ Էլջերնոնի համար» |
Անտարես | 18 |
| 5 | 0 | ![]() |
Էդգար Հարությունյան «Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին» |
Անտարես | 17 |
| 6 | * | ![]() |
Արմեն Սարգսյան «Չկարդացած գրքերի փոխարեն» |
Անտարես | 17 |
| 7 | 0 | ![]() |
Ստեֆան Ցվայգ «Ընտիր նովելներ |
Բուկինիստ | 14 |
| 8 | -2 | ![]() |
Ջոն Բոյն «Զոլավոր գիշերազգեստով տղան» |
DirectMEDIA | 13 |
| 9 | -1 | ![]() |
Սպենսեր Ջոնսոն «Ո՞ւր է իմ պանիրը» |
Էդիթ Պրինտ | 8 |
| 10 | * | ![]() |
Հերման Հեսսե «Տափաստանի գայլը» |
Անտարես | 7 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:









