ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության տարելիցին հանդես է եկել հայտարարությամբ, որը նախորդ տարիների համեմատ թերևս ամենաանհասցեն ու ընդհանրականն է: Նրա ուղերձն ընթերցվել է Ֆերիքյոյի Սուրբ Վարդանանց եկեղեցում կազմակերպված արարողության ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը, որը հրապարակել է նրա ուղերձն արևելահայերենով և արևմտահայերենով:
Ուղերձում Էրդողանը, խուսափելով պատմական փաստերն արձանագրելուց, խոսել է միայն «Առաջին համաշխարհային պատերազմի դժվար պայմաններում կյանքից հեռացած օսմանյան հայերի մասին»` ցավակցություն հայտնելով նրանց թոռներին: Ուղերձի հետագա շարադրանքում Թուրքիայի նախագահը կարևորել է հայ համայնքի դերը երկրի զարգացման գործում` նշելով, թե հայերը «ինչպես երեկ, այնպես էլ այսօր երկրի հավասար ու ազատ քաղաքացիներն են, կարևոր դեր են կատարում հասարակական, քաղաքական ու առևտրային կյանքում»:
Ուղերձում Էրդողանը հայտնել է, թե իրենք առաջիկա ժամանակաշրջանում շարունակելու են աշխատանքները` «ուղղված Օսմանյան հայերի հիշողությանն ու հայկական մշակութային ժառանգությանը տեր կանգնելուն»:
Անդրադառնալով Պոլսո հայոց պատրիարքի ընտրության հարցին` Թուրքիայի նախագահը ցանկություն է հայտնել, որ դրանք կարճ ժամանակում ավարտվեն` հաջողություն մաղթելով այդ գործում: «Աստծուց ողորմություն եմ խնդրում միլիոնավոր օսմանյան քաղաքացիների համար, ովքեր կյանքից հեռացել են Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում»,- ասվում է ուղերձի եզրափակիչ հատվածում:
Էրդողանն առաջին անգամ ապրիլի 24-ի նախօրեին հայտարարություն էր արել 2014 թվականին, որի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը (այժմ ՀՀ պաշտպանության նախարար - խմբ.), մասնավորապես, ասել էր. «Պետք է փաստենք, որ այն Հայոց ցեղասպանության հանցագործության ժխտման և քողարկման հերթական՝ թերևս ավելի կատարելագործված դրսևորում է: Դրանում պարունակվում են թուրքական քարոզչամեքենայի արդեն բոլորին հայտնի նույն թեզերը` զոհին և դահճին նույն հարթության մեջ դիտարկելը, պատճառահետևանքային կապի խեղաթյուրումը, բոլորին հայտնի պատմական իրականության վերանայման գործիքների ձևավորման կոչը: Իրականում Թուրքիայից այլ բան է պահանջվում. ճանաչել պատմությունը և աներկբայորեն դատապարտել դրանում առկա հանցանքները»: