Հասարակական

Հայաստանում լավ մասնագետների ու կազմակերպիչների կարիք կա. Սերժ Սարգսյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանում լավ մասնագետների ու կազմակերպիչների կարիք կա. Սերժ Սարգսյան

ՄՈՍԿՎԱ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը լավ կազմակերպիչների ու մասնագետների կարիք ունի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նման հայտարարությամբ ՀՀ Նախագահը հանդես եկավ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում: «Շատ լավ կլիներ, որ եթե նույնիսկ ոչ բոլոր հայերը, ապա գոնե 50 տոկոսը վերադառնային կամ գային Հայաստան, քանի որ իրականում մենք կարիք ունենք»,- նշեց ՀՀ Նախագահը:

Նա հիշեցրեց, որ վերջին շրջանում պետությունը սկսել է աջակցություն ցուցաբերել այն ուսանողներին, ովքեր սովորում են աշխարհի 10 լավագույն համալսարաններում: «Մենք վճարում ենք նրանց ուսման համար, և նրանց մեծամասնությունը վերադառնում է, սակայն մենք լավ մասնագետների կարիք ունենք: Հայաստան արդեն գալիս են իրենց ոլորտներում առաջատար ընկերություններ, հենց այդ պատճառով էլ մասնագետների անհրաժեշտությունն զգացվում է»,- շեշտեց ՀՀ Նախագահը` հավելելով, որ կարիքը զգացվում է նաև անվտանգության ոլորտում:

«Այս ամենով հանդերձ, սակայն, մենք դեռևս բավարար հնարավորություններ չունենք, որպեսզի մարդկանց ապահովենք բնակարաններով, լավ վճարվող աշխատանքով, այդ պատճառով էլ այս ուղղությամբ հատուկ ծրագրեր դեռևս չենք իրականացնում: Հավանաբար, գիտեք` մեր հանրապետությունում մեզ քննադատում են, որ մարդիկ լքում են Հայաստանը: Դա լավ գործընթաց չէ` չնայած այն հանգամանքին, որ այդ գործընթացը բնորոշ է ոչ միայն բոլոր հետխորհրդային, այլև Արևելյան Եվրոպայի երկրներին, ինչպես նաև այն երկրներին, որտեղ կենսամակարդակը 5-6 անգամ գերազանցում է Հայաստանի կենսամակարդակը: Իրականում դա է գործընթացը»,- նշեց ՀՀ Նախագահը: Սերժ Սարգսյանն առաջարկեց նաև տեղի հայ ուսանողներին խումբ ձևավորել և նշված խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկություններ մշակել, որոնք նա պատրաստ է հաշվի առնել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում