ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում Ուկրաինայի հյուպատոսը Բաքվի մեկուսարանում հանդիպել է բլոգեր Ալեքսանդր Լապշինին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը:
«Իմ պաշտպանյալն ինձ հայտնել է, որ իր հետ հանդիպելու է Բաքվում Ուկրաինայի հյուպատոսը: Ինձ հետ հանդիպմանը նա չի բողոքել պահման պայմաններից, իրադրությունը նորմալ է: Լապշինը գոյ է քննության ընթացքից և սպասում է դրա ավարտին»,- հայտնել է փաստաբանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լապշինին այցելել են նաև Իսրայելի դեսպանատան աշխատակիցները:
Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան:
Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:
Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում: